«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ընդդիմությանը մեկ տառի համար քարկոծող իշխանությունները, որ իրենք իրենց շուրջ իդեալական քաղաքական ուժի փուչիկ են ստեղծել, իրական կյանքում ամենեւին էլ իդեալական չեն։

ՔՊ-ականների «լավագույն» կադրերը ՀՀԿ-ականներն են՝ կուսակցության փոխնախագահ, Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյան, Էջմիածնի համայնքապետի պաշտոնի համար պայքարող ժ/պ Արգիշտի Մեխակյան:

Օրերս համացանցում լուրեր տարածվեցին, որ նախկինում Մեխակյանը պետական համակարգը լքել է կաշառք վերցնելու հիմքով:

Հրապարակման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Թերեւս, քչերին է հայտնի, որ 2014-2017թթ. Արգիշտի Մեխակյանն աշխատել է ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի օգնական։ 25 հազար դոլոր կաշառք է վերցրել եւ իր վերադասին մասնաբաժին չի տվել, որի համար հեռացվել է աշխատանքից։


Պռոշ անելով Սերժ Սարգսյանին՝ 2018 թ. լծվեց Նիկոլի սայլին։ Կաշառակերներով լցված նախկին համակարգը, հեռացնելով աշխատանքից Արգիշտիին, հասկացրել է նրան, որ, Արգիշտի, վերցրած 25 հազար դոլար կաշառքից բաժին չտալու, ողջ գումարը գրպանելու համար, դու նախարարի օգնականի աթոռը լքելու ես ընդմիշտ։

Փորձել են քրգործ հարուցել այս առնչությամբ, սակայն միջնորդել են` որպես նահատակված ազատամարտիկի որդու խնայել։

Ահա, սա է Արգիշտի Մեխակյանի իրական դեմքը։

Կցանկանայի՞ք, որ նման մեկը ղեկավարեր աշխարհաճանաչ էջմիածին քաղաքն իր 17 վարչական բնակավայրերով», – ասվում էր հրապարակման մեջ, որի ներքեւի հատվածում նշված էր հեղինակը՝ Անի Մադոյան։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապվել Մեխակյանի հետ, սակայն մեր զանգերը, հաղորդագրությունները մնացին անպատասխան։ Նա լրատվամիջոցների հետ պասիվ է շփվում, ուստի հնարավոր չեղավ պարզել, թե, իր մեկնաբանությամբ, ինչու է ինքն ազատվել նախարարի օգնականի պաշտոնից»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: