Բարաք Օբաման չեղյալ է հայտարարել իր շրջագայությունը Հարավ-արևելյան Ասիայով և համապատասխանաբար չի հանդիպելու Վլադիմիր Պուտինի հետ: Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում երկու նախագահների հանդիպման նախաձեռնությամբ հանդես էր եկել Մոսկվան: Այս անգամ ռուս-ամերիկյան բանակցությունները տեղի չեն ունենալու Վաշինգթոնում քաղաքական ճգնաժամի պատճառով: Այս մասին հայտնում է Газета-ն: 
Բարաք Օբաման, ով գրեթե մեկ շաբաթ փորձում է համաձայնության գալ Կոնգրեսում իր քաղաքական ընդդիմախոսների հետ նոր ֆինանսական տարվա դաշնային բյուջեի ընդուման համար, չեղյալ է հայտարարել իր շրջագայությունը Ասիայի պետություններով: Ամերիկայի նախագահը հաջորդ շաբաթ պետք է մասնակցեր Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու Ինդոնեզիայի Բալի կղզում: Ինչպես ենթադրվում էր Վլադիմիր Պուտինը և Բարաք Օբաման կարող էին քննարկել «սիրիական հարցը»:
Բացի դա Սպիտակ Տունը չեղյալ է հայտարերլ նաև Օբամայի այցելությունը Բրունեյ ԱՄՆ- ԱՍԵԱՆ(Հարավ-արևելյան Ասիայի պետությունների ասոցացիա), որը նույնպես կապված է բյուջետային խնդիրների հետ: Այս մասին հայտնել է Սպիտակ Տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին: Ամերիկյան պատվիրակությունը Ինդոնեզիայում և Բրունեում ղեկավարելու է պետքարտուղար Ջոն Քերին:

Հիշեցնենք, որ երեկ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ հնարավոր է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովում տեղի ունենա Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպումը: Քննարկվող ամենակարևոր թեմաներից մեկը պետք է լիներ քաղաքացիական պատերազմը Սիրիայում: