Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնապես վավերացրել է ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջազգային կոնվենցիային Իրանի անդամակցելու մասին օրենքը և այդ մասին տեղեկացրել գործադիր իշխանության համապատասխան մարմիններին։


Ըստ «Mehr» լրատվական գործակալության՝ Փեզեշքիանը հոկտեմբերի 21-ի նամակում համապատասխան գործադիր իշխանություններին տեղեկացրել է Իրանի խորհրդարանի կողմից նախկինում ընդունված «Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիային միանալու վերաբերյալ» օրենքի մասին։

Նամակն ուղղված է եղել դատական մարմիններին, Ներքին գործերի նախարարությանը, Հետախուզության նախարարությանը, Արդարադատության նախարարությանը, Արտաքին գործերի նախարարությանը, Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությանը և Իրանի Կենտրոնական բանկին։

Նախագահի հրամանագրում նշվում է, որ Իրանի Սահմանադրության 123-րդ հոդվածի համաձայն՝ նշված օրենքը, որն ի սկզբանե հավանության էր արժանացել խորհրդարանի կողմից 2018 թվականի դեկտեմբերին, ավելի ուշ որոշակի փոփոխություններով և վերապահումներով հաստատվել է Նպատակահարմարության խորհրդի կողմից։


Նաև ասվում է, որ Սահմանադրության 125-րդ հոդվածի համաձայն՝ տվյալ պայմանագրի դրույթների իրականացումը կախված կլինի Կոնվենցիայի 26-րդ հոդվածով նշված ձևականությունների կատարումից։