«Խաղաղության խաչմերուկ» ծրագրի նախկինում ներկայացված գաղափարը կայանում էր Հայաստանի տարածքով տարածաշրջանային և միջազգային տրանսպորտային հաղորդակցության զարգացման մեջ ոչ միայն Վրաստանի և Իրանի, այլև Ադրբեջանի և Թուրքիայի ուղղությամբ՝ նրանց հետ սահմանները բացելու միջոցով։ Այս մասին Վրաստանում «Մետաքսի ճանապարհ» համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուրախ եմ նշել, որ այս ուղղությամբ մենք զգալի առաջընթաց ենք գրանցել։ Օգոստոսի 8-ին, նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ և աջակցությամբ, Ադրբեջանի նախագահի հետ Վաշինգտոնում ընդունեցինք Խաղաղության հռչակագիր, որը որպես վկա ստորագրեց նաև Թրամփը։ Հռչակագրում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում տարածաշրջանային հաղորդակցությանը»,- նշել է նա։


Նրա խոսքով՝ Ադրբեջանը կարևոր քայլ է կատարել հռչակագրի այդ կետը կյանքի կոչելու ուղղությամբ։ «Նախագահ Ալիևը երեկ հայտարարեց, որ Ադրբեջանը հանում է սահմանափակումները իր տարածքով Հայաստան ապրանքների տարանցիկ մատակարարումների վրա։ Ես ցանկանում եմ իմ գովասանքը հայտնել Ադրբեջանի նախագահի այս քայլի կապակցությամբ և ողջունել տվյալ հայտարարությունը։ Կատարվում է մի բան, որը մի քանի ամիս առաջ անհավանական էր թվում. Ղազախստանից ցորեն է ներմուծվում Հայաստան՝ Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Այս գործարքի համար ես ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Ղազախստանի նախագահին և Վրաստանի վարչապետին»,- ասել է Փաշինյանը։


Նա հավելել է, որ Վաշինգտոնյան հռչակագրի համաձայն՝ Հայաստանը կհամագործակցի ԱՄՆ-ի և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի տարածքում «Թրամփի երթուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի իրականացման շրջանակները որոշելու համար։ «Մենք վերահաստատում ենք մեր վճռականությունը՝ բարեխղճորեն ձեռնարկել բոլոր միջոցները այս նպատակին արագորեն հասնելու համար», - նշել է Փաշինյանը։