Քաղաքականապես մենք պատրաստ ենք ապահովել Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունից Ադրբեջանի հիմնական մաս և հակառակ ուղղությամբ՝ Հայաստանի տարածքով տարանցումը, բայց տեխնիկապես դեռ պատրաստ չենք դրան՝ ենթակառուցվածքների բացակայության պատճառով։ Այս մասին Վրաստանում «Մետաքսի ճանապարհ» համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Քաղաքականապես մենք պատրաստ ենք նաև ապահովել երկաթուղային տարանցումը Թուրքիայի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի հիմնական մասի միջև, սակայն այդ հատվածներում երկաթուղին վերանորոգման կամ վերակառուցման կարիք ունի։ Վստահ եմ, որ տեխնիկական հարցերը կլուծվեն երկու-երեք տարվա ընթացքում։
Մոտ ապագայում Հայաստանի տարածքով կանցկացվեն խողովակաշարեր, ինչպես նաև Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա էլեկտրահաղորդման գծեր։ Ինչպես արդեն ասացի, կապահովվի նաև երկաթուղային և ավտոմոբիլային կապ։ Այս ամենը քննարկվում է TRIPP ծրագրի շրջանակներում։ Մենք նաև համապատասխան բանակցություններ ենք վարում Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Մենք նաև ԱՄՆ-ի հետ ենք աշխատում այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ։
Այս ամենը կյանքի կոչելու կարևորագույն պայմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն է, որը ձեռք է բերվել Վաշինգտոնի գագաթնաժողովի արդյունքում։ Հիմա մենք աշխատում ենք, որպեսզի Ադրբեջանի հետ այդ խաղաղությունն ավելի ինստիտուցիոնալացվի։ Մենք աշխատում ենք Վաշինգտոնում նախաստորագրված՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրման և վավերացման ուղղությամբ։ Դրան զուգահեռ հետևողականորեն կբացվեն բոլոր տրանսպորտային հաղորդակցությունները, ինչը պատմական փոփոխություններ կբերի մեր տարածաշրջանում։
Ես ծանոթ եմ այն կարծիքներին, թե մեր տարածաշրջանում տրանսպորտային ծրագրերը մրցակցում են միմյանց հետ։ Ես կտրականապես համաձայն չեմ այդ պնդման հետ, քանի որ մեր տարածաշրջանում տրանսպորտային երթուղիները լրացնում են միմյանց՝ մեծացնելով Հարավային Կովկասի տարանցիկ ներուժը։ Վաշինգտոնյան հռչակագրի երրորդ կետը նշում է, որ կբացվի նաև Պարսից ծոց – Սև ծով երկաթուղին, ինչը զգալիորեն կմեծացնի ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի և Ադրբեջանի ներուժը։
Հայաստան-Թուրքիա երկխոսությունը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը, TRIPP ծրագիրը, Վրաստանի և Իրանի բարիդրացիական հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ Հարավային Կովկասը կդարձնեն ամենագրավիչ տարանցիկ երթուղին Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք ուղղություններով։ Սա նշանակում է, որ մեր տարածաշրջանի բոլոր երկրների ենթակառուցվածքները կլինեն գերբեռնված, նույնիսկ դրանք բավարար չեն լինի այդ աճող հոսքերը սպասարկելու համար։ Այն հսկայական միջազգային հետաքրքրությունը, որն այժմ կենտրոնացած է Հարավային Կովկասի վրա, կապիտալ է, որը մենք, նկատի ունեմ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը, պետք է ճիշտ օգտագործենք մեր տարածաշրջանի զարգացումն ու կայունությունն ապահովելու համար։
Մենք վերջապես ունենք պատմական հնարավորություն ապահովելու ոչ միայն խաղաղություն, այլև Հարավային Կովկասի բարգավաճումն ու զարգացումը։ Չէ՞ որ խաղաղությունը, բարգավաճումը, զարգացումը կոմերցիոն բեռների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի անբաժան ուղեկիցներն են և հակառակը։ Կոմերցիոն բեռները, խողովակաշարերը և էլեկտրահաղորդման գծերը խաղաղության և բարգավաճման մշտական ուղեկիցներն են։ Խաղաղությունը եկել է մեր տարածաշրջան և այն ամենը, ինչ մնում է մեզ անել, դա բեռնաշրջանառության ավելացումն է, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի թվի ավելացումը, ինչպես նաև Հարավային Կովկասի բարգավաճման ու զարգացման ապահովումը, որն էլ ավելի կամրապնդի խաղաղությունը, որն էլ իր հերթին կմեծացնի բարգավաճման և զարգացման ծավալներն ու տեմպերը Հայաստանի, Վրաստանի կամ Ադրբեջանի համար։ Ես կարծում եմ, որ մենք՝ Հարավային Կովկասի երեք երկրների ղեկավարներս, ունենք բավականաչափ կամք և իմաստնություն՝ աշխատելու ոչ միայն առանձին, այլև միասին, իհարկե, մեր մյուս հարևանների և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ»,- հավելել է Փաշինյանը։