Կիրակի օրը Հովհաննավանքում Փաշինյանի հայտարարած ու նաև հովանավորած արարքները հանցագործություն են, որոնք պատժելի են ՀՀ քրեական օրենսգրքով։ Այս մասին Facebook–ի իր էջի «լայվում» հայտարարել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Այս արարքների կատարմանը նա ներգրավել է նաև արդեն նախկին հոգևորական, կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանին: ՀՀ քրեական օրենսգիրքը, 290-րդ հոդվածը քրեական պատիժ է նախատեսել կրոնական ծեսի կատարումը խոչընդոտելու համար, ինչպես նաև ավելի ծանր պատիժ, եթե այն կատարվել է ծառայողական լիազորությունն օգտագործելով, կամ այդ լիազորությամբ պայմանավորված ազդեցությունն օգտագործելով: Այս մասին Ֆեյսբուքյան տեսանյութում ասել է ՀՀ նախկին ՄԻՊ, «Միասնության թևեր» նախաձեռնության հիմնադիր Արման Թաթոյանը:
«Նախկին քահանա Ստեփան Ասատրյանի պարագայում ակնհայտ է, որ նա վայելում է անձամբ Փաշինյանի հովանավորությունը, նաև ակնհայտ է, որ անձամբ գիտակցում է՝ Փաշինյանն անձամբ կանգնած է իր մեջքին»,-նշել է նա:
Թաթոյանն ընգծել է, որ իր խոսքը նպատակ չունի պաշտպանելու Ամենայն Հայոց Կաթողիկոսին, նրա անձը, կոնկրետ հոգևորականների:
«Մենք հիմա կանգնած ենք մեր նվիրական արժեքների պաշտպանության խնդրի առջև»,-հավելել է նա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը: Կարգալույծ եկեղեցականն այդուհետ դասվում է աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրյան ավազանի անունով:
Եկեղեցու այդ հայտարարությունից հետո՝ Ստեփան Ասատրյանը հայտարարել էր, որ կիրակի պատրաստվում էպատարագ մատուցել։ Այնուհետև Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «կիրակի օրը Հովհաննավանքում մասնակցելու է Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ և Անմահ Պատարագին»։