«Հրապարակ»-ը գրում է․ «Իշխանությունը որոշել է ալտերնատիվ եկեղեցի ստեղծել եւ կորիզը ձեւավորել կարգալույծ արված Արամի նման քահանաներից:
Եթե Հովհաննավանքի արարողությունը ստացվի, այն շարունակություն կունենա:
Կարգալույծ արված հոգեւորականի պատարագին ոչ միայն ՔՊ-ականները մասնակցելու են, այլեւ նրանք, ձեռուոտ ընկած, անգամ նյութական խոստումներ են տալիս նրանց, ովքեր իրենց պսակադրության, մկրտության եւ այլ արարողությունները, եկեղեցական ծեսերը կվստահեն Մայր Աթոռի կողմից օրերս կարգալույծ հռչակված Տեր Արամին՝ Ստեփան Ասատրյանին։
ՔՊ-ականներն իրենց սրտի քահանայի համար «կլիենտուրա» են ապահովում, որ նա չհայտնվի իզգոյի կարգավիճակում, չհեռանա Հովհաննավանքից եւ շարունակի գործող քահանա համարվել:
Սակայն խնդիրն այն է, որ կարգալույծ քահանաները չեն կարող այդ արարողությունների վերաբերյալ վկայականներ տրամադրել, կարգալույծն արդեն աշխարհական է եւ իրավունք չունի խորհուրդ կատարելու։ Ուղղակի կարող են լինել նաեւ մարդիկ, որոնք որեւէ վկայական չպահանջեն, բավարարվեն եկեղեցու շենքում ինչ-որ ձեւական արարողություն անելով»:


