Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման հայտարարել է, որ արհեստական բանականության վրա հիմնված մոդելը՝ երկրի «ԱԲ-նախարարը», որի անունն է Դիելա (Diella, ալբաներենից թարգմանաբար՝ արև), «հղի է» 83 «երեխայով»։
«Մենք մեծ ռիսկի դիմեցինք՝ Դիելլային այստեղ բերելով և մեր մոտ ամեն ինչ ստացվեց։ Այսպիսով, Դիելլան հղի է և նա ունի 83 երեխա», - մեջբերել է NDTV հեռուստաալիքը կառավարության ղեկավարի հայտարարությունը, որը նա արել է հոկտեմբերի 26-ին Բեռլինում կայացած Global Dialogue (BGD) համաժողովի ժամանակ։
Ռաման նշել է, որ վիրտուալ նախարարի «երեխաներին» հատկացված է պատգամավորների օգնականների դեր։ Նրանք կարձանագրեն խորհրդարանում տեղի ունեցողը և կտեղեկացնեն օրենսդիրներին բաց թողնված քննարկումների և իրադարձությունների մասին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ալբանիան դարձել է աշխարհի առաջին երկիրը, որտեղ որպես նախարար կօգտագործվի արհեստական բանականության վրա հիմնված մոդել, որը պետք է պատասխանատու լինի պետական գնումների համար։ Վարչապետի խոսքով, դա անհրաժեշտ է «100% անաչառ» համակարգ ստեղծելու համար։ Diella մոդելն արդեն օգտագործվում է «e-Albania» թվային հարթակի աշխատանքում, որը հասանելիություն է տրամադրում պետական ծառայությունների մեծ մասին։ Սակայն Ալբանիայի նախագահ Բայրամ Բեգայը չի հաստատել «ԱԲ-նախարարին» կառավարության մյուս անդամների թվում, որոնց թեկնածությունները ներկայացրել էր Ռաման։


