Արտաքին քաղաքական գերատեսչության և ընդհանուր առմամբ Հայաստանի արտաքին քաղաքական թիվ մեկ առաջնահերթությունը, նպատակը, առաքելությունը, եթե կուզեք, Հայաստանի Հանրապետության շուրջ խաղաղ, անվտանգ միջավայրի ձևավորումն է, Հայաստանի Հանրապետության զարգացման և բարգավաճմանը միտված նպաստող միջավայրի ձևավորումն է։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27–ին, Ազգային ժողովում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։


«Այս առումով, ակնհայտ է, որ առաջնային դերը պատկանում է հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանը, առաջին հերթին Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանը, մնացած հարցերի քննարկմանը, ամբողջական կարգավորմանը։

Երբ խոսում ենք Հայաստանի շուրջ խաղաղության, խաղաղ միջավայրի հետագա ձևավորումից կամ հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացումից, չենք կարող չհիշատակել ընթացող տարվա, թերևս ամենաառանցքային, ամենակարևոր արտաքին քաղաքական իրադարձությունը, այն է, այս տարվա օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի և նաև Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի վկայությամբ ստորագրված հռչակագիրը և նախաստորագրված միջպետական հանրապետությունների կարգավորման պայմանագիրը։ Այո, օգոստոսի 8-ին տեղի ունեցածը կարող եմ առանց վարանելու, առանց չափազանցություն համարելու անվանել շրջադարձային։


Այն ինչ տեղի ունեցավ այդ օրը Վաշինգտոնում, շրջադարձային էր և անկյունաքարային։ Այդ օրը խաղաղություն հաստատվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև, ընդ որում նորից ստորագրված հռչակագրով անվերապահ հարգանք հայտնելով միմյանց տարածքային ամբողջականության, քաղաքական անկախության նկատմամբ, ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն սահմանների անձեռնմխելիության նկատմամբ։ Նաև այդ օրը համաձայնեցվեցին առանցքային սկզբունքները, որոնց շրջանակներում տեղի է ունենալու կամ սկսվել է արդեն տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը և նաև արդեն երկու ԱԳՆ–ների կողմից նախաստորագրվեց խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պայմանագիրը։

Ես շատ կարևոր եմ համարում այդ տեքստի հանրայնացումը, նաև այն առումով, որ երևի բոլորս կհիշենք, թե ինչ բարդ կոնֆիգուրացիաներով, ինչպիսի ստեր և մանիպուլյացիաներ էին տարածվում այս պայմանագրի վերաբերյալ՝ սահմանադրությունների փոփոխություն, չգիտեմ, 100 հազարավոր մարդկանց շարժը այստեղից այնտեղ և այլն։ Փառք Աստծո, թուղթը հրապարակային է և տեսնում ենք, որ այդ մանիպուլյացիաներից և որևէ մեկը այդտեղ ոչ միայն չկա, այլև հեռավոր ակնարկ անգամ այդ ամեն ինչի մասին չկա։ Սա մի ամբողջ դիմագիծ է կամ բնորոշիչ գիծ է այսօր մեր քաղաքական դաշտում։ Դա մենք տեսնում ենքք հիմնականում շատ որոշակի տրամադրվածություն ունեցող քաղաքական ուժերի և նաև նրանց ազդեցության տակ գտնվող մեդիա ռեսուրսների կողմից»,– հայտարարեց Միրզոյանը։


Նա անդրադարձավ վաշինգտոնյան համաձայնությունների ենթակառուցվածքների հատվածին՝ նշելով. «Չափազանց կարևոր է արձանագրել, որ խոսքը մեծ ապաշրջափակման մասին է։ Հիշենք, Հայաստանը 30 պլյուս տարիներ գտնվում էր շրջափակման ներքո, և հիմա երկու երկրները պայմանավորվում են ապաշրջափակել, կամ, եթե հարկ լինի, կառուցել նոր ենթակառուցվածքներ, միմյանց միջև տրանսպորտային ենթակառուցվածքները։ Սա առաջին հերթին նշանակում է Հայաստանի ապաշրջափակում մեր համար։ Իհարկե, այս ապաշրջափակման ջանքերը ներառում են նաև Ադրբեջան-Նախիջևան կապը: Ընդ որում, ենթակառուցվածքը, որով այդ կապը պետք է իրականացվի, նույն կերպ շահագործվելու է և օգտագործվելու է կրկին Հայաստանի Հանրապետության կողմից:

Ուրեմն, որո՞նք են այդ սկզբունքները, որոնց ներքո կամ որոնց շրջանակներում տեղի է ունենալու այդ մեծ ապաշրջափակումը։ Կրկին սկզբունքները հանրահռչակված են՝ տարածքային ամբողջականություն, սահմանների անձեռնմխելիության ճանաչում, ինքնիշխանության և իրավազորության հարգմամբ և փոխադարձության սկզբունքը ևս պահպանված է։


Հիշում ենք ամիսների, տարիների խոսակցությունները այն մասին, որ այս ենթակառուցվածքները հանձնվելու են որևէ երրորդ երկրի վերահսկողության։ Կային երկրներ, որոնք քննարկվում էին որպես թեկնածու երկրներ, որոնք անվտանգային կամ զինված ուժեր են տեղակայելու այդ ենթակառուցվածքների ուղղությամբ։ Ահա տեսնում ենք, որ այդ ամբողջ մանիպուլյացիաները ևս հոդս ցնդեցին։

Նույն Վաշինգտոնյան շրջանակ, համաձայնությունների շրջանակներում Հայաստանը և ԱՄՆ–ն պայմանավորվել են, որ միասին կհիմնեն և ջանքեր կգործադրեն «Թրամբի ուղու» իրականացման ուղղությամբ։ Սա կլինի ըստ էության այն հայ-ամերիկյան ընկերությունը, որը կտնօրինի, կկառուցի, կշահագործի այդ կապուղին։

Դա կարող է ներառել ոչ միայն երկաթուղային հաղորդակցություն, այլև էլեկտրական հոսանքի գծեր, գազատարներ, նավթատարներ և այլն»,– հայտարարեց ԱԳ նախարարը։