ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում հանդիպել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ, քանի որ նրա երկիրը երկար ժամանակ «խաբել է» Միացյալ Նահանգներին։
«Կանադան մեզ երկար ժամանակ խաբել է, Կանադան այն երկրներից է, որի հետ ամենադժվարն է գործարք կնքել։ Կանադան, որքան էլ ես սիրում եմ հենց Կանադան և նրա ժողովրդին, պարզապես շատ վատ ներկայացուցիչներ է ունեցել», - այս մասին լրագրողներին ասել է Թրամփը՝ դեպի Ճապոնիա մեկնելու ճանապարհին։ Հեռարձակումը կատարվել է Սպիտակ տան YouTube-յան ալիքով։
ԱՄՆ նախագահը հավելել է, որ «մի որոշ ժամանակ չի հանդիպելու [Քարնիի հետ]»՝ ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի մասնակցությամբ գովազդի և ամերիկյան առևտրային քաղաքականության քննադատության պատճառով։
Հոկտեմբերի 23-ին Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը դադարեցրել է Օտտավայի հետ առևտրային բանակցությունները, քանի որ Կանադայի պաշտոնյաները վճարել էին ԱՄՆ-ում ամերիկյան ներմուծման մաքսատուրքերը քննադատող գովազդ ցուցադրելու համար։ Ինչպես այս ամսվա սկզբին հայտնել էին ԶԼՄ-ները, Օնտարիո նահանգը, որը Կանադայի հիմնական արդյունաբերական տարածաշրջանն է, ամերիկյան հեռուստատեսությամբ գովազդային արշավ էր սկսել՝ Թրամփի սահմանած մաքսատուրքերը չեղարկելու նպատակով։ Մասնավորապես, գովազդում ցուցադրվել են Ռեյգանի ելույթից հատվածներով հոլովակներ։ Դրա ֆոնին Թրամփը որոշում է կայացրել ևս 10%-ով բարձրացնել Կանադայից ապրանքների նկատմամբ գործող մաքսատուրքերը՝ «իրենց կողմից փաստերի լուրջ աղավաղման և թշնամական գործողությունների պատճառով»։ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ կանադական գովազդի հատվածները հատուկ ընտրվել են այնպես, որպեսզի աղավաղեն Ռեյգանի ասածի էությունը և կեղծ տպավորություն ստեղծեն դիտողների մոտ։ Ըստ նրա, «այս խաբեության միակ նպատակը Կանադայի հույսն էր, որ ԱՄՆ Գերագույն դատարանը կօգնի իրեն մաքսատուրքերի հարցում, որոնք նա օգտագործում էր երկար տարիներ՝ Միացյալ Նահանգներին վնասելու համար»։
ԱՄՆ Գերագույն դատարանը ներկայումս քննում է Թրամփի կողմից այլ երկրների, այդ թվում՝ Կանադայի նկատմամբ սահմանված բազմաթիվ մաքսատուրքերի օրինականության հարցը։ Կողմերի բանավեճերը, ըստ սպասումների, կսկսվեն նոյեմբերին։
Այն բանից հետո, երբ Օտտավան և Վաշինգտոնը չկարողացան առևտրային գործարք կնքել մինչև օգոստոսի 1-ը, Թրամփն իր հրամանագրով 25-ից մինչև 35% բարձրացրել է մի շարք կանադական ապրանքների մաքսատուրքերը, որոնք չեն ընկնում Կանադայի, Մեքսիկայի և ԱՄՆ-ի միջև ազատ առևտրի մասին պայմանագրի գործողության տակ։ Կանադան արդեն մի քանի ամիս է, ինչ անհաջող փորձեր է կատարում ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագիր կնքելու ուղղությամբ։ Միաժամանակ, կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը բարձրացվել են մինչև 50%։


