Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատվիրակությունը չի մասնակցի Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին, որը տեղի կունենա հոկտեմբերի 28-ից 30-ը Երևանում։
Պատվիրակության ղեկավար Թաիր Միրքիշիլին APA գործակալությանը հայտնել է, որ Եվրոպական խորհրդարանի փաստաթղթերը և հայտարարությունները, որոնք կազմում են վեհաժողովի գործունեության կեսը, հակասում են Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։
Նրա խոսքով, նման հայտարարությունները չեն նպաստում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին, այլ ընդհակառակը՝ ձեռնտու են առճակատումը պահպանելու մեջ շահագրգիռ ուժերին։ Միլլի Մեջլիսը բազմիցս իր բողոքն է հայտնել, իսկ Վաշինգտոնում տեղի ունեցած խաղաղ հանդիպումից հետո Եվրախորհրդարանի վերջին ոչ կառուցողական հայտարարությունը վերջնականապես խաթարել է Բաքվի վստահությունը՝ «Եվրանեսթի» շրջանակներում համագործակցության նկատմամբ։
Միրքիշիլին ընդգծել է, որ մասնակցությունից հրաժարվելը կապված չէ Հայաստանում նիստի անցկացման հետ. «Այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն խաղաղություն է հաստատված և գործնական քայլեր են ձեռնարկվում հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ»։


