Միգրենի բուժման համար կիրառվող դեղամիջոցները կարող են դանդաղեցնել ստամոքս-աղիքային տրակտի ուռուցքների աճը։ Այս եզրակացությանն են հանգել Օլիվիա Նյուտոն-Ջոնի Ուռուցքաբանական հետազոտական ինստիտուտի (ONJCRI) գիտնականները։ Արդյունքները հրապարակվել են BMJ Oncology ամսագրում։
Գիտնականները պարզել են, որ ուռուցքների աճի մեխանիզմում ներգրավված են նյարդային համակարգի երկու բաղադրիչ՝ CGRP նեյրոպեպտիդը և դրա RAMP1 ընկալիչը։ Այս ազդանշանային մոլեկուլները սովորաբար կարգավորում են նյարդային ազդակների փոխանցումը և արյան հոսքը, սակայն քաղցկեղի դեպքում դրանք խթանում են բջիջների բաժանումը և արագացնում նորագոյացությունների զարգացումը։
Դա ստուգելու համար, հետազոտողները գենային ինժեներիայի մեթոդների միջոցով ուռուցքային բջիջներից հեռացրել են RAMP1 ընկալիչը և նկատել, որ դրանց աճը կտրուկ դանդաղել է։ Քանի որ CGRP-ի ակտիվությունը ճնշող դեղամիջոցներն արդեն օգտագործվում են միգրենի բուժման համար, գիտնականներն առաջարկել են դրանք վերաորակավորել ուռուցքաբանական հիվանդությունների դեմ պայքարելու համար։
Դոկտոր Լիզա Միլկեն՝ ONJCRI լաբորատորիայի ղեկավարը և աշխատանքի ավագ հեղինակը, ստացված տվյալներն անվանել է «հետազոտությունների նոր, հուզիչ ուղղություն», որը թույլ է տալիս դիտարկել նյարդային համակարգը որպես քաղցկեղի թերապիայի թիրախ։ Նա նշել է, որ CGRP-ը արգելափակող դեղամիջոցները լավ ուսումնասիրված են և անվտանգ, ուստի դրանք կարող են արագորեն հարմարեցվել ուռուցքաբանության կլինիկական փորձարկումների համար։
Հեղինակներն ընդգծում են, որ հայտնագործությունը նոր հնարավորություններ է բացում ավելի մեղմ և հարմարավետ բուժման սխեմաներ ստեղծելու համար, որոնք կարող են համատեղել հակաուռուցքային թերապիայի արդյունավետությունը արդեն հայտնի դեղամիջոցների ցածր թունավորման հետ։


