ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը խստացրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հարաբերությունների մոտեցումը՝ պահանջելով անվերապահորեն կատարել Գազայի հատվածում հրադադարի պայմանները։ Այս մասին գրում է The New York Times (NYT) թերթը։
Ինչպես նշում է պարբերականը, Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Թրամփը բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակություն է ուղարկել հրեական պետություն՝ հրադադարի պահպանումն ապահովելու համար, ինչը իսրայելական լրատվամիջոցներում ստացել է «Bibi-sitting» (Բիբիին հսկել) անվանումը՝ երեխային հսկելու (babysitting) անալոգիայով։
Ըստ թերթի տեղեկությունների, Թրամփը հրապարակայնորեն իր դժգոհությունն է հայտնում Նեթանյահուի գործողություններից, որոնք, ըստ Սպիտակ տան, կարող են ապակայունացնել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։ NYT-ի զրուցակիցների տվյալներով՝ ամերիկացի առաջնորդն անհրաժեշտ է համարում ավելի խիստ կերպով վերահսկել Նեթանյահուին՝ հրադադարի ռեժիմի հնարավոր խախտումները կանխելու համար։ Ըստ թերթի աղբյուրների՝ Թրամփը, մասնավորապես, ստիպել է Նեթանյահուին ներողություն խնդրել Կատարից՝ սեպտեմբերի 9-ին Դոհայում ՀԱՄԱՍ-ի գրասենյակին հասցված ավիահարվածի համար։
Թերթի կողմից հարցված փորձագետները նշում են երկու երկրների ղեկավարների հարաբերությունների բնույթի զգալի փոփոխություն՝ Թրամփի նախագահության առաջին ժամկետի համեմատ։ Եթե ավելի վաղ ամերիկացի առաջնորդը Նեթանյահուին գործնականում անվերապահ աջակցություն էր ցուցաբերում, ապա այժմ ԱՄՆ վարչակազմը ցույց է տալիս, որ պատրաստ է ավելի կոշտ երկխոսություն վարել պաղեստինյան անկլավում կարգավորման հարցերի շուրջ, կարծում է պարբերականը։


