Այսօր ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի լիազորությունները ստանձնեց փաստաբանական համայնքի նորընտիր ղեկավար Արա Զոհրաբյանը: Նա ընտրվել էր ՓՊ նախագահ սեպտեմբերի 14-ին անցկացված ընտրությունների արդյուքնում՝ ստանալով 913 քվեարկության մասնակիցներից 713-ի վստահության քվեն,-այս մասին գրում է Փաստինֆոն:

ՀՀ փաստաբանների պալատի առաջին նախագահ Ռուբեն Սահակյանը շնորհակալություն հայտնեց իր գործընկերներին 8 տարիների ընթացքում համատեղ աշխատանքի համար:

ՓՊ առաջին նախագահը շնորհակալություն հայտնեց նաև միջազգային կառույցներին՝ USAID-ին, ABA-ի, Եվրամիության, Եվրախորհրդի և ԵԱՀԿ-ի հայաստանյան ներկայացուցչություններին, ինչպես նաև Սահմանադրական դատարանին, Արդարադատության նախարարության աշխատակիցներին, ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին համագործակցության համար՝ կարևորելով մասնավորապես ոստիկանության և փաստաբանների պալատի միջև կնքված հուշագիրը:

Նա շնորհակալություն հայտնեց նաև ՓՊ նախագահի ընտրություններին մասնակցած փաստաբաններին՝ ընդգծելով, որ մասնակցության տոկոսը բավականին բարձր է եղել՝ 1370 արտոնագիր ունեցող փաստաբաններից մասնակցել է նրանց 67 տոկոսը: Արդյունքում՝ ընտրությունները հասարակության կողմից բավականին բարձր գնահատականի են արժանացել:

Ռ. Սահակյանը, շնորհավորելով ՓՊ նախագահի պաշտոնում իրեն հաջորդող Ա Զոհրաբյանին, համոզմունք հայտնեց, որ նրա գլխավորությամբ «միայն ու միայն դրական փոփոխություններ են լինելու, որոնք կզգանք առաջիկա ամիսների ընթացքում»: Ռ. Սահակյանը հույս հայտնեց նաև, որ բոլոր փաստաբանները՝ Ա. Զոհրաբյանի գլխավորությամբ, ջանք ու եռանդ կգործադրեն էլ ավելի բարձրացնելու փաստաբանության և փաստաբանների հեղինակությունը. «ես անձամբ այդպես եմ վարվելու»:

Ռ. Սահակյանը նշեց, որ խնդիրներ շատ կան, որոնք պետք է լուծվեն և հույս հայտնեց, որ կառավաությունը կաջակցի այդ խնդիրների լուծմանը: Ռ. Սահակյանը գոհունակություն հայտնեց, որ հետխորհրդային տարածքում Հայաստանը միակ երկիրն է, որտեղ ստեղծվեց Փաստաբանական դպրոց և հոկտեմբերի 6-ին Դպրոցի առաջին շրջանավարտները կստանան իրենց արտոնագրերը: «Դպրոցը կայացման ճանապարհին է ու դեռ կկայանա»,-ասաց Ռ. Սահակյանը հավելելով՝ հանգիստ խղճով եմ թողնում ՓՊ նախագահի պաշտոնը և ուրախությամբ հանձնում այն Պալատի նորընտիր նախագահին:

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ