ԱՄՆ դաշնային կառավարության աշխատանքի դադարեցումը (շաթդաուն), որի հետևանքով ԱՄՆ Էներգետիկայի նախարարությունը ստիպված է եղել անվճար արձակուրդ ուղարկել Միջուկային անվտանգության ազգային վարչության 1400 աշխատակիցների, կարող է խոչընդոտել ամերիկյան միջուկային զենքի արտադրության նպատակների իրականացմանը։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։
Նրանց տեղեկություններով՝ մնացած աշխատակիցները շարունակում են աշխատել այն պայմաններում, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Վարչությունից պահանջում է Պենտագոնին արդիականացված զենքի մատակարարման ավելի սեղմ ժամկետներ տրամադրել։
Ինչպես նշում են գործակալության զրուցակիցները, նույնիսկ արտադրության կարճատև դադարեցումը կարող է ամիսներով, նույնիսկ տարիներով հետաձգել զենքի ստեղծման ժամկետները, քանի որ միջուկային նյութերի հետ աշխատանքների անվտանգ դադարեցումը բարդ գործընթաց է։ Աղբյուրների խոսքով՝ վարչակազմի գործողություններն ուղղակիորեն հակասում են ազգային անվտանգության ոլորտում իր կողմից առաջադրված հավակնոտ նպատակներին։
ԱՄՆ դաշնային կառավարության աշխատանքի մասնակի դադարեցումը սկսվել է հոկտեմբերի 1-ին՝ կեսգիշերին, ֆինանսավորման բացակայության պատճառով։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Կոնգրեսում իշխող Հանրապետական և ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչները չեն կարողացել համաձայնության գալ մի շարք ծախսային հոդվածների շուրջ (այդ թվում՝ առողջապահության ոլորտում)։ Նրանք դեռևս չեն կարողանում պայմանավորվածություններ ձեռք բերել։ Դեմոկրատներն ու հանրապետականներն իրար մեղադրում են շաթդաուն հրահրելու և քաղաքական նպատակներով այն ձգձգելու մեջ։
Ըստ ԱՄՆ օրենսդրության, այն նախարարություններն ու գերատեսչությունները, որոնք պատասխանատու են ազգային անվտանգության ապահովման և արտաքին քաղաքական գործունեության համար, շարունակում են աշխատել դաշնային կառավարության ֆինանսավորման դադարեցման դեպքում։ Նույնանման պահանջներ են ներկայացվում նաև այն պետական ծառայողներին, որոնց գործունեությունն ուղղված է «կյանքի և սեփականության պաշտպանությանը»։ Այն պետական հիմնարկների աշխատակիցները, ովքեր ստիպված են աշխատանքի դուրս գալ նման պայմաններում՝ աշխատավարձ չեն ստանում, բայց նրանց սովորաբար վճարում են ֆինանսավորման հարցը լուծելուց հետո:
1977 թվականից ի վեր դաշնային կառավարության աշխատանքի ֆինանսավորումն ընդհատվել է վարչակազմի և Կոնգրեսի միջև ծագած տարաձայնությունների պատճառով՝ ավելի քան 20 անգամ։ Ամենաերկարատև շրջանը կազմել է 35 օր՝ 2018 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 2019 թվականի հունվարի 25-ը (Թրամփի նախագահության առաջին ժամկետում)։


