Ռուսաստանի և Ճապոնիայի ավիաընկերությունները քննարկում են երկու երկրների միջև ուղիղ չվերթների գործարկումը։ Այդ մասին «Իզվեստիա» թերթին հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։

Ինչպես հստակեցրել է պարոն Ռուդենկոն, ամեն ինչ կախված է Ճապոնիայի կառավարության դիրքորոշումից։ Նա հիշեցրել է, որ ռուսական կողմը «չի չեղարկել կամ արգելել ճապոնական ընկերություններին թռչել Ռուսաստան, դա եղել է Տոկիոյի որոշումը»։

«Ընկերությունների միջև աշխատանքներ և խորհրդակցություններ են ընթանում... Հենց որ դրանք հասունանան՝ խնդրեմ, մենք դեմ չենք», - նշել է փոխնախարարը։

Ճապոնական ավիաընկերությունները դադարեցրել են թռիչքները Ռուսաստանի օդային տարածքում՝ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո։ Այս շաբաթ Ռուսաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը վերսկսելու պահանջով հանդես են եկել նաև հարավկորեական և օտարերկրյա 128 ոչ առևտրային կազմակերպություններ, գրում է «Կոմերսանտը»։