ԵԽԽՎ –ի հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանին որևէ պատիժ չի սպառնում: Այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում տեղեկացնելով այս մասին ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշեց, որ այս հարցը չի քննարկվել, եղելությունը պարզ չէ:
«Վերջին տարիներին ընդդիմությանը լայն հնարավորություններ տրվեց ԱԺ-ում : Մեր տեսակետն է, որ եթե ընդդիմությունը ցանկանում է խոսել, նրան տալիս ենք այդ հնարավորությունը», - նշեց նա:
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք այդ հնարավորությունը տալու համար պատիժ կկրի ՀՀԿ-ական պատգամավորը, նա կրկին պատասխանեց ՝ոչ
«Զարուհին հո Դավիթի խոսափողը չի, խնդրել է, երևի համաձայնվել են: Չգիտեմ իրողությունը ինչպիսին է: Համաձայնվել է, մտածելով, որ երևի իր քաղաքական թիմի տեսակետը պետք է ասի, որ երկրում կոռուպցիա կա, որ ժողովուրդը գնում է, որ էս իշխանությունները եսիմ ինչ են, ինչ չեն: Դա թող ասեր՝ քաղաքական էր, առավել ևս ավելի կոռեկտ», - նշեց նա:
Ըստ նրա, այլ բան է, որ քաղաքական ֆորումում քաղաքական հարցադրումներ ես անում, այլ բան է, որ փորձում ես անձդ երևելի դարձնել և կեղծել մի ամբողջ իրականություն: