2026 թվականին Հայաստանի պետական բյուջեից մեկ միլիարդ դրամ կհատկացվի՝ Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը հյուրընկալելու համար։ Այս մասին հոկտեմբերի 29-ին 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Եվրոպայից մոտ 50 պատվիրակություն կժամանի Հայաստան», - ասել է Հարությունյանը։
Նա հիշեցրել է, որ գագաթնաժողովը միջոցառում է, որը տեղի է ունենում Եվրոպայում յուրաքանչյուր վեց ամիսը մեկ։ Պետությունների ղեկավարները հավաքվում են այս միջոցառմանը և քննարկում արդիական հարցեր։
«Մենք նախատեսում ենք այդ միջոցառումն անցկացնել մայիսի սկզբին։ Վարչապետի աշխատակազմի բյուջեում նախատեսված է 1 մլրդ դրամ։ Հիմա հայտարարված է մրցույթ։ Միջոցները նախատեսված են նաև պահուստային ֆոնդում։ Համաձայն մրցույթի, անհրաժեշտության դեպքում, մենք պատրաստ կլինենք տրամադրել նաև լրացուցիչ միջոցներ», - հայտնել է պաշտոնյան։


