Երբ իսպանացի պատգամավորը գալիս է և Հայաստանի Հանրապետության տարածքում նման դիրքորոշում է արտահայտում, դա նշանակում է, որ այս պետությունը և մեր իշխանությունը միտված է, ժողովրդավարական գործընթացները զարգացնել, չփախչել մեր կարծիքով անարդարացի քննադատությունից, լսել դա և ընդունել ի գիտություն։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 29–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով նրան, որ Երեկ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նիստին Եվրապատգամավորներից Նաչո Սանչեսը ամոթանք տվեց ՀՀ իշխանություններին, ասելով, որ 20-40 ոստիկան են ուղարկում մարդկանց հետևից խոսքի համար, բանտ են նետում և հիշեցրեց, որ ժողովրդավարական պետություններում նման կերպ չեն վարվում։
Անդրադառնալով նրան, որ ՔՊ–ականի զավակը ԵՊՀ–ում նկարահանել է ընդդիմադիր դասախոսին և այն փոխանցել ռեկտորին, որից հետո դասախոսն ազատվել է աշխատանքից, և հարցին, թե ինչո՞ւ իր դասախոս եղած ժամանակ որևէ ՀՀԿ-ականի երեխա իր ընդդիմադիր դասախոսությունները չի նկարել ու չի տվել ռեկտորին, Արայիկ Հարությունյանն ասաց. «Իմ ուսանողները լսարանում երբեք ընդդիմադիր ելույթներ չեն լսել, կամ որակումներ չեն լսել։ Իմ դասախոսությունները լսարանում եղել են բացառապես այն դասախոսությունների շրջանակներում, որոնք եղել են:
Միաժամանակ կարող եմ ասել, որ սոցիալական ցանցերի այս զարգացվածության պայմաններում, այո, ես ունեցել եմ ուսանողներ, որոնք իմ գործունեությանը հետևել են և հետևել են այն քաղաքական ուղղուն, որին ես եմ հետևում։ Դիցուք, իշխանության մեջ կան մարդիկ, որոնք եղել են իմ ուսանողները, բայց դա ամենևին չի նշանակում, որ ես չարաշահել եմ իմ լիազորությունները և պարտականությունները որպես դասախոս և նման գործունեություն եմ ծավալել։


