Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել է «Իմ սրտի ուղեկից» նշանաբանով «Էրեբունի-Երևան-2795» տոնակատարության շրջանակում նախատեսված միջոցառումների մանրամասները։ Տոնակատարությունը նախատեսված է անցկացնել երկու օր շարունակ։
«Այս տարի կունենանք բազմաթիվ հյուրեր: 30-ից ավելի պատվիրակություններ են ժամանելու 17 երկրներից: Նկատենք, որ «Էրեբունի-Երևանի» տոնակատարություններին նման թվով մասնակցության ցուցանիշ դեռևս չի եղել»,- նշել է Արամ Սուքիասյանը։

 

«Էրեբունի-Երևան-2795» տոնակատարությունների մեկնարկը տրվելու է հոկտեմբերի 11-ին՝ «Էրեբունի» թանգարան-արգելոցի հարակից հրապարակում, փողոցի երկայնքով ժողովրդական, արվեստի գործերի, ազգային խաղերի, տարազի, խոհանոցի ցուցադրությամբ։ Առաջին օրվա միջոցառումն ամփոփվելու է նույն հրապարակում՝ «Երևանում տոն է» խորագրով համերգային ծրագրով։

Տոնակատարության հիմնական միջոցառումները նախատեսված են հոկտեմբերի 12-ին՝ մարաքաղաքի կենտրոնի փողոցներում, զբոսայգիներում և պուրակներում, շուրջ 30 բեմահարթակներում։ Ծրագրում ներառված են երաժշտական, թատերական ներկայացումներ, մարզական միջոցառումներ՝ ընդգրկուն բազմազանությամբ։ Դասական, ջազ, էստրադա, ռոք, հեղինակային և այլ երաժշտական ելույթների համար այս տարի նույնպես հատկացվել են առանձին բեմեր։ Ազգագրական և ժողովրդական, ինչպես նաև Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների համերգները ևս հնչելու են մի քանի բեմերից։ Մանկական ներկայացումների հարթակները Կիրովի անվան մանկական զբոսայգում են լինելու, Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտական ազգային կենտրոնի հարակից տարածքում, Հյուսիսային պողոտայում։

 

«Էրեբունի-Երևան» տոնակատարություններին արդեն ավանդական դարձած միջոցառումներից բացի, Արամ Սուքիասյանը թվարկել է նաև այս տարվա ծրագրում առաջին անգամ ընդգրկված տարաբնույթ միջոցառումները, ինչպես, օրինակ, Մաշտոցի պուրակում «Ավելի լավ Երևան» խորագրով քաղաքային տնտեսության էքսպո-ցուցահանդեսն է, որին մասնակցելու են «Երևաննախագիծ»-ը և բազմաթիվ ճարտարապետներ, որի շրջանակում կներկայացվեն Երևանում առաջիկայում կառուցվելիք նշանակալից նախագծերը, այդ թվում նաև՝ «Հին Երևան» նախագծի մակետային տարբերակը։

 

Ծրագրի նորույթներից է նաև «Հին Երևան. հայացք ապագայից» լուսանկարների ցուցադրությունը՝ մետրոյի «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան», «Հանրապետության հրապարակ», «Զորավար Անդրանիկ» կայարանների սպասասրահներում։
Երևանի քաղաքապետի տեղակալը հատկանշել է, որ այս տարի «Էրեբունի-Երևան» տոնակատարության օրը համընկել է Թարգմանչաց տոնին: Այդ կապակցությամբ ծրագրում ներառվել է ևս մեկ միջոցառում ՝ Մատենադարանին հարակից հարթակում:

 

«Էրեբունի-Երևան-2795» տոնակատարությունն ավարտվելու է Հանրապետության հրապարակում նախատեսված գալա-համերգով։
«Գալա-համերգը «Իմ սրտի ուղեկից» խորագիրն է կրելու, որն, ի դեպ, նաև «Էրեբունի-Երևան-2795»-ի նշանաբանն է։ Կհնչեն Երևանին նվիրված նոր երգեր: Բացի այդ, արտերկրից հրավիրել ենք նաև այլ կատարողների, որոնց մասին, սակայն, այսօր թույլ տվեք չասել, որպեսզի հաճելի անակնկալ լինի մեր հայրենակիցների համար: Դե իսկ համերգը կավարտվի շքեղ հրավառությամբ», - նշել է Արամ Սուքիասյանը։
Եզրափակելով խոսքը՝ Արամ Սուքիասյանը նաև հավելել է, որ միջոցառումների անցկացման բավականին խիտ ժամանակացույցի մասին քաղաքապետարանը ծանուցելու է հնարավոր բոլոր միջոցներով, և լրատվամիջոցներին էլ առաջարկել է ակտիվորեն աջակցել այդ հարցում։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն