Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելն ամեն կերպ խոչընդոտում է Գազայի բնակիչներին մարդասիրական օգնություն հասցնելու և հատվածի վերականգնման գործընթացի անցնելու աշխատանքներին:
«Իսրայելում մենք գործ ունենք մի վարչակազմի հետ, որը հրադադարի մասին համաձայնագրի կնքումից հետո սպանել է ավելի քան 200 անմեղ մարդու՝ քողարկվելով տարբեր արդարացումներով և շարունակելով իր օկուպացիան։ Այս հարձակումներն ուղղված են խաղաղության դեմ։ Բայց Իսրայելի նման գործողությունները երբեք չեն խանգարի պաղեստինյան հարցի արդար և երկարատև լուծման մեր ձգտմանը։ Ընթացիկ փուլում մենք պետք է ավելացնենք Գազայի բնակիչներին տրամադրվող մարդասիրական օգնությունը և այնուհետև սկսենք վերականգնողական աշխատանքները։ Իսրայելի կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի խոչընդոտի դրան», - հայտարարել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության տնտեսական և առևտրային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստում։
Նա նշել է, որ «Արաբական պետությունների լիգայի և Իսլամական համագործակցության կազմակերպության կողմից պատրաստված Գազայի վերականգնման ծրագիրը պետք է անհապաղ իրականացվի»։ «Վստահ եմ, որ ժամանակի ընթացքում մենք ավելի վճռական կգործենք։ Ես նաև անկեղծ երախտագիտություն եմ հայտնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրադադարի ռեժիմի հաստատման հարցում իր դրսևորած ակտիվ դիրքորոշման համար։ Կարծես ՀԱՄԱՍ շարժումը վճռական է համաձայնագիրը պահպանելու հարցում։ Սակայն մենք բոլորս գիտենք, որ Իսրայելը շատ վատ համբավ ունի այս հարցում», - ասել է թուրք առաջնորդը։
Նա նաև հավելել է, որ արաբական և մուսուլմանական երկրները «թույլ չեն տա ո՛չ Արևմտյան ափի անեքսիան, ո՛չ էլ Երուսաղեմի կարգավիճակի փոփոխությունը»։


