Ես չգիտեմ՝ հրդեհը հատուկ են արել, թե ինչ-որ բանից է եղել. Անիծվի նա, ով արել է. Հենց այնպես չի լինում, որ այսքան մեծ հրդեհ լինի և ամբողջ խանութը վառվի։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6–ին, Կոմիտասի պողոտայում «Երևան Սիթիի» շենքում հանրային սննդի կետում բտնկված հրդեհի վայրում լրագրողների հետ զրույցում նշեց ականատեսներից մեկը։


Մեկ ուրիշն էլ պատմեց. «Շատ–շատ մարդ կար ներսում, անմիջապես բոլորին դուրս հանեցին։ Մենք էլ դուրս եկանք։ Ես ճիշտն ասած այն հատվածից նայել եմ, տեսել եմ, որ վերևը այրվում էր»։

Տեղի աշխատակիցներց մեկն էլ նշեց, որ ամեն ինչ շատ արագ է եղել. «Ներքևում էի, մինչև եկա, արդեն ամեն ինչ վառվում էր։ Այնքան ահավոր վիճակ էր, որ ժամին էլ չեմ նայել, թե երբ եկան հրշեջները։ Եկան էլի։ Հրդեհը սկսվել է KFC-ի հատվածից»։

Հիշեցնենք, որ ՆԳՆ փրկարար ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, այսօր՝ նոյեմբերի 6-ին, ժամը 11։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Ավելի ուշ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3 կանչ»․ դեպքի վայր Է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս վեց մարտական հաշվարկ և ԵՓՎ և ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը։


Հրդեհը բռնկվել է շինության տանիքում։

Այս պահին դեպքի վայրում աշխատում է 14 մարտական հաշվարկ։ Դեպքի վայրում է նաև շտապօգնության մեքենա, որն առաջին օգնություն է ցուցաբերել երկու փրկարարի, որոնք ծխահարվել են։