Թեհրանը Վաշինգտոնին խնդրում է վերացնել Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները, ԱՄՆ վարչակազմը պատրաստ է լսել իսլամական հանրապետության իշխանություններին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Եվ, անկեղծ ասած, Իրանը հարցնում է, թե արդյոք կարելի է հանել պատժամիջոցները»,- ասել է նա նոյեմբերի 6-ին Սպիտակ տանը Կենտրոնական Ասիայի հինգ հանրապետությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։ «Իրանի հանդեպ գործում են ամերիկյան շատ կոշտ պատժամիջոցներ, որոնց պատճառով նրանց համար շատ դժվար է անել այն, ինչ ցանկանում են։ Եվ ես պատրաստ եմ լսել։ Տեսնենք, թե ինչ կլինի, բայց ես պատրաստ եմ»։
Փետրվարի 4-ին Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով վերսկսվել է Վաշինգտոնի առավելագույն ճնշումը Թեհրանի վրա։ Փաստաթուղթը, մասնավորապես, ուղղված է իսլամական հանրապետության կողմից միջուկային զենքի ստեղծումը կանխելուն։ Այն նաեւ կոչ է անում Վաշինգտոնին ակտիվացնել իրանական նավթի արտահանման կրճատման ջանքերը։
Հունիսի 13-ի գիշերը Իսրայելը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Հանրապետությունը ձեռնարկեց պատասխան հարձակում։ ԱՄՆ-ը հունիսի 22-ին մտավ հակամարտության մեջ՝ հարվածելով Սպահանի, Նաթանզի եւ Ֆորդոյի իրանական միջուկային օբյեկտներին։ Հաջորդ օրն Իրանը հարձակվեց Մերձավոր Արեւելքի ամենամեծ ամերիկյան ավիաբազայի՝ Կատարում գտնվող Ալ Ուդեյդ ավիաբազայի վրա։ Այնուհետեւ Թրամփը հայտարարեց, որ Իսրայելն ու Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ։ Այն ուժի մեջ է մտել հունիսի 24-ին։


