Իսպանիայի և Գերմանիայի գիտնականները ներկայացրել են տեսական մոդել, ըստ որի՝ ֆերմիոնները կարող են կապող օղակ հանդիսանալ մեր քառաչափ Տիեզերքի և թաքնված հինգերորդ չափման միջև, գրում է Popular Mechanics-ը։

Այս հիպոթեզը կարող է բացատրել ժամանակակից ֆիզիկայի ամենախորքային առեղծվածներից մեկը՝ մութ նյութի բնույթը, որը կազմում է Տիեզերքի զանգվածի մոտ 75 տոկոսը, սակայն մնում է անտեսանելի բոլոր առկա դետեկտորների համար։


Հետազոտողները կիրառել են, այսպես կոչված, «աղավաղված հավելյալ չափման» (warped extra dimension, WED) մոդելը։ Ըստ դրա, տարածաժամանակը չի սահմանափակվում սովորական երեք տարածական կոորդինատներով և ժամանակով, այլ ներառում է լրացուցիչ երկրաչափական շերտ, որը տեսանելի չէ, բայց ազդում է հիմնարար ուժերի վրա։


Այս սցենարով ֆերմիոնները՝ նյութի հիմնական կառուցվածքային միավորները, կարող են «թափանցել» հինգերորդ չափում՝ ձևավորելով անտեսանելի «մութ հատված»։

Այդպիսի մասնիկները չեն փոխազդում լույսի կամ այլ ուժերի հետ՝ բացառությամբ ձգողականության, ինչը նրանց դարձնում է մութ նյութի իդեալական թեկնածուներ։ Այլ կերպ ասած՝ եթե հիպոթեզը ճիշտ է, ապա մութ նյութը կարող է պարզապես հետևանք լինել նրա, որ սովորական նյութի մի մասը «լուծվում» է հնգամչափ տարածության մեջ։

Գիտնականները նշում են, որ այս տեսության ուղղակի հետքերը հայտնաբերելը չափազանց բարդ կլինի․ անգամ ամենահզոր մասնիկային արագացուցիչները, ինչպիսին է Մեծ ադրոնային կոլայդերը, դեռևս անկարող են դրանք արտադրել։ Սակայն գաղափարը հնարավոր է ստուգել անուղղակիորեն՝ օրինակ՝ ձգողական խանգարումների կամ միկրոալիքային ֆոնի վերլուծության միջոցով։

Եթե հիպոթեզը հաստատվի, ֆիզիկան կարող է ստանալ երկար սպասված բանալին՝ թաքնված չափումների և մութ նյութի տեսությունների հետ ստանդարտ մոդելի միավորման համար և գուցե՝ քայլ դեպի իրականության կառուցվածքի ըմբռնումը։