Մեր ներուժը միայն մեր 3 մլն ժողովուրդը չի, այլև մեր սփյուռքը, որը զրոյացնում են։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9–ին TV5–ին գտված հարցազրույցում նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Մեր ներուժը նաև մեր եկեղեցին է, որովհետեւ ցանցային բնույթ ունի և ներկա է տարբեր երկրներում։ Սփյուռքի հետ բոլոր կապերը կտրում ենք, թշնամանում ենք, եկեղեցին մասնատում ենք։ Նիկոլ Փաշինյանն ունի ներքին չարության մի հսկայական ծավալ և իր մարմնի մեջ այդ չարությունը չի տեղավորվում, անընդհատ դուրս է գալիս։ Ինքը ամեն տեղ պետք է ստեղծի կոնֆլիկտ, որով կարծես թե սնվում է, էներգիա է ստանում։ Եթե դու կոնֆլիկտածին ես ու ունես գրեթե անսահմանափակ իշխանություն, այդ կոնֆլիկտը ինչ–որ տեղ սկսում ես կիրառել՝ հները նորերին, Արարատը՝ Արագածին, Հովհաննավանքը Էջմիածնին, կաթողիկոսին՝ կարգալուծ արած քահանային, ԱՄՆ–ին՝ Ռուսաստանին։ Դու անընդհատ կոնֆլիկտ ես ուզում ստեղծել, որովհետեւ դրանով սնվում ես։ Իմ տպավորությունը սա է»,–ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ իր օրոք ներքին համերաշխություն չի լինելու։
Անդրադառնալով 2026–ի ընտրություններին, երկրորդ նախագահն ասաց. «Բացի այն, որ մենք պետք է մեր անվտանգությունն ամրապնդենք, պետք է նաև երկրի կայունությունն ու համերաշխությունը ապահովենք։ Այս ընտրությունների կարևորությունը նաև սրանում է՝ մենք ընտրելու ենք մի իշխանություն, որը փորձելու է ներսում համերաշխություն բերի, թե՞ ունենալու ենք սրա շարունակությունը։ Չաւոթյամբ լցված իշխանությունը չպետք է իշխանություն լինի ՀՀ–ում»։
Խոսելով խաղաղության թեմայից, նա ասաց. «Դուք հավատո՞ւմ եք այս խաղաղությանը։ Չեն կրակում, որովհետեւ ինչ ուզում է՝ առանց կրակելու տալիս ես։ Ես չեմ հավատում որեւէ խաղաղության, որն ամրագրված չի երաշխիքային ինչ–որ մեխանիզմներով։ Այս խաղաղությունն ամբողջությամբ կախված է մեկ մարդու կամքից. Կուզի այդ խաղաղությունը կլինի, կուզի՝ չի լինի։ Դա Ալիևն է։ Սա խաղաղություն չի։ Մեր տեսակետն է, որ խաղաղությունը պետք է ունենա երաշխիքներ։ Դա ՄԱԿ–ի ԱԽ–ի որոշումն է, երաշխիքային ինչ–որ մի համակարգ է։ Տվյալ դեպքում հնարավորությունները շատ են։ Ես ի՞նչ կանեի համալրելու համար այս պայմանագիրը, որը ստորագվել է Վաշինգտոնում։ Կառաջարկեի ևս մեկ համաձայնագիր նախաստորագրվածի հետ զուգահեռ, որը կլիներ եղած համաձայնագրի երաշխիքային համակարգի ձեւավորման մասին։ Լավագույն տարբերակը կլիներ, եթե Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի երաշխավորները լինեին Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Չինաստանը։ Առաջարկում եմ առկա փաստաղթից բացի ստորագրել ևս մեկը, որը կունենա երաշխիքային համակարգ, քանի որ այս մեկը չունի նման համակարգ։
Միշտ հնարավոր է քննարկել ու այնպիսի առաջարկներ տալ, որոնք ոչ թե ժխտում են այն, ինչ արված է, այլ համալրում ու լրացնում են։ Դու կոպլեմենտար տարբերակ ես առաջարկում, մենք սա 10 տարի արել ենք ու լավ հարաբերություններ ենք ունեցել ՌԴ, ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետ։
Երբ հարցնում էին, թե ո՞նց եք անում, որ սաղի հետ լավ եք։ Ես ասում էի՝ ամեն մեկը մի ցավոտ «մազոլ» ունի, չենք տրորում դրանք։ Փորձում ենք մեր հարաբերությունները կառուցել այն դաշտում, որտեղ այս երկրներն ունեն ընդհանուր շահեր»,- ընդգծեց երկրորդ նախագահը։


