Անտիկ Հայաստանի Արմավիր մայրաքաղաքի (մ.թ.ա. VI–III դ. վերջ) հունարեն արձանագրությունները Հայկական բարձրավանդակի տարածքում հայտնաբերված ամենավաղ հունալեզու գրավոր հուշարձաններն են։
Արձանագրությունները հայտնաբերվել են Արմավիրի սրբավայրերից մեկի` «Սոսյաց անտառի» տարածքում: Տվյալ տարածքի սրբազան լինելու մասին են վկայում պատմիչ Մովսես Խորենացին և որոշ հնագիտական տվյալներ: «Սոսյաց անտառում» են քրմերը գուշակել ապագան` «վերծանելով» սրբազան ծառերի` սոսիների տերևների սոսափյունը։
Հայտնաբերված արձանագրությունները թվով 12 էին, որոնցից այսօր պահպանվել է միայն մեկը: Արձանագրությունների բովանդակությունները վերցված էին հունական պոետներ և հեղինակներ Հեսիոդոսի, Սոֆոկլեսի կամ Եվրիպիդեսի ողբերգություններից : Արձանագրություններից մեկում հիշատակված է «ռազմատենչ աստվածուհին»։ Հունական աշխարհում նման բնութագրով հանդես էր գալիս Արտեմիսը, որը Հին Հայաստանում նույնացվել է Անահիտ աստվածուհու հետ։ Որոշ մասնագետների կարծիքով, այս արձանագրությունը հայոց արքա Արտավազդ Բ-ի ողբերգություններից մեկն է։ Ըստ ժամանակագրերի` Արտավազդ Բ արքայազնը ողբերգությունների, պատմական ստեղծագործությունների և ճառերի հեղինակ էր, ինչը հաստատվել է Արմավիրի գտածոյով։