Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Արարատի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող՝ շուրջ 5330 հա մակերեսով հողատարածքները «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու վերաբերյալ փաստաթղթերը: Այս մասին  տեղեկացնում ենք ՀՀ գլխավոր դատախազությունից։

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Արարատի նախկին մարզպետ Ա.Ս.-ն, օգտագործելով պաշտոնեական դիրքը, իրավական ակտերի պահանջների խախտմամբ, 2006 թվականի հոկտեմբերի 5-ի որոշմամբ՝ Արարատի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող բնապահպանական հողերից շուրջ 5330 հա մակերեսով հողատարածքը 49 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Վ.Մ.-ին, 2005-2007 թվականներին Տարածքային կառավարման նախարարի պաշտոնը զբաղեցրած Հ.Ա.-ի վարորդ Գ.Գ.-ին և Արարատի նախկին մարզպետ Ա.Ս.-ին պատկանող, շահույթ ստանալու նպատակով հիմնադրված «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերությանը:

Վերոնշյալ՝ 5330 հա մակերեսով հողատարածքի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 158 միլիոն 263 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 60 միլիարդ 553 միլիոն 218 հազար դրամ է: