Արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրությունները երբեք անհիմն չեն լինում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին՝ Երևանի կողմից ՌԴ-ից հացահատիկից հրաժարվելու ծրագրերի մասին ծառայության հաղորդագրությանը։
Չորեքշաբթի՝ նոյեմբերի 12-ին, Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հաղորդել է, որ Հայաստանը, քաղաքական պատճառներով, ցանկանում է «խզել կապերը» Մոսկվայի հետ և օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ Կիևի հացահատիկի մի մասը գնելով։
«Ինչ վերաբերում է Արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրություններին, ապա դրանք երբեք անհիմն չեն», - ասել է Պեսկովը։
Ինչպես հաղորդում է «Կոմերսանտը», Պեսկովը նաև նշել է, որ Ռուսաստանը շարունակում է զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ՝ ինչպես երկկողմանի, այնպես էլ ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում։
«Մենք կշարունակենք դա անել։ Բարձր մակարդակով հաճախակի շփումներ են տեղի ունենում», - լրագրողներին ասել է Դմիտրի Պեսկովը։ «Մենք երկկողմ համագործակցության օրակարգում շատ հարցեր ունենք։ Հուսով ենք, որ այս համագործակցությունը կշարունակվի», - նշել է Կրեմլի խոսնակը։
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել էր «Երևանի համբույրը» վերնագրով զեկույց, որում հայտարարվել էր Հայաստանի՝ Մոսկվայից «անջատվելու» մտադրության մասին՝ «քաղաքական պատճառներով»։
Մասնավորապես, ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության զեկույցում նշվում է, որ իբր Հայաստանը նախատեսում է ռուսական հացահատիկը փոխարինել ուկրաինականով՝ ԵՄ-ի միջոցների հաշվին։
Հայաստանը հերքում է այս տեղեկատվությունը։


