Ազգերի լիգայի գավաթակիր Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը մեկնաբանել է 9:1 հաշվով հաղթանակը Հայաստանի թիմի նկատմամբ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վերջին խաղում, որը տեղի էր ունեցել Պորտուի «Դրագաու» ստադիոնում։

«Մենք խաղում էինք հաղթանակի համար եւ ցանկանում էինք գործի դնել նաեւ մեր երկրպագուների ուժը։ Ապրումներ ունեինք Իռլանդիայից կրած պարտության հետեւանքով։ Հունգարիայի հետ չկարողացանք հաղթանակի հասնել։ Բարդ էր հաղթահարել այս ամենը հոգեբանորեն։

Այդ ամենը մղեց մեզ այսպիսի հանդիպման։ Շատ հավանեցի ֆուտբոլիստների արձագանքը։ Տեսանք, որ մեր թիմը վերադարձավ լավագույն մարզավիճակին։


Իռլանդիայում կրած պարտությունը տեխնիկական կամ մարտավարական խնդիրներից չէր, այլ հոգեբանական պատճառ ուներ։ Մենք վախենում էինք պարտվել»,- Մարտինեսի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։

Պորտուգալիան F խմբում գրավեց առաջին տեղը եւ նվաճեց եզրափակիչ փուլի ուղեգիր։ Իռլանդիան վերջին տուրում 3:2 հաշվով հաղթեց Հունգարիային, գրավեց երկրորդ տեղը եւ պայքարը ուղեգրի համար կշարունակի փլեյ-օֆֆում։