Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «ազատագրման» գործընթացը սկսվել է, շարունակվում է և անխուսափելիորեն կհասնի իր վերջնական նպատակին։ Այս մասին նոյեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա վստահեցրել է, որ Էջմիածնի կենտրոնական հրապարակում հոգևոր հավաքի գաղափարը մնում է օրակարգում։ «Կտեսնենք, թե ինչ կլինի», - հավելել է Փաշինյանը։ Նրա խոսքով՝ նման գաղափարների հնչեցումը նաև երկխոսություն է հասարակության հետ։ Կառավարության ղեկավարը նշել է, որ ծանոթանալով գաղափարներին՝ մարդիկ առաջ են քաշում այլ գաղափարներ, այլ առաջարկներ։ «Ամեն ինչ կարծրացված չէ, ճկուն պրոցես է։ Որևէ որոշմամբ չենք հաստատել, սա, սա է լինելու և վերջ», - ընդգծել է կառավարության ղեկավարը։
Նիկոլ Փաշինյանը կրկին նշել է, որ Վաղարշապատի ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը նոր թափ է հաղորդում։ «Ես նկատի ունեի այն, ինչ ավելի վաղ գրել էի սոցիալական ցանցերում», - բացատրել է նա։
Վարչապետը վստահեցրել է, որ Հովհաննավանքում պատարագներ են մատուցվում, որոնց մասնակցում են ոչ պակաս մարդիկ, քան իր այցելության ժամանակ։ «Ես էլ այնտեղ չեմ եղել, բայց ես ինֆորմացիայի ավելի հավաստի աղբյուրներ ունեմ, քան դուք։ Մարդիկ գնում են, էնտեղ նորմալ հոգևոր կյանք է, կյանքը շարունակվում է», - ընդգծել է նա։


