Ուկրաինայի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Զելենսկին եւ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ հեռախոսով կքննարկեն ԱՄՆ նոր խաղաղության առաջարկները, այս մասին, հղում կատարելով անանուն աղբյուրին, տեղեկացրել է բրիտանական Sky News հեռուստաալիքը։
Մինչ այդ, ըստ Sky News-ի, Զելենսկին ԱՄՆ ծրագիրը կքննարկի Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Իտալիայի առաջնորդների հետ։
«Ծրագիրը գրեթե անկասկած կհանդիպի Եվրոպայի դիմադրությանը. մեր աղբյուրների համաձայն՝ ծրագիրը երեկ կտրուկ քննադատության է ենթարկվել Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ։ Հատկապես կոշտ առարկություններ են հնչեցրել Լեհաստանը, Իտալիան, Ֆրանսիան, Լիտվան եւ Գերմանիան»,- գրել է Sky News-ը։
Հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ ԵՄ-ը, հավանաբար, հույս ունի, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կկարողանա փոփոխություններ կատարել խաղաղության ծրագրի նախագծում։


