ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հեռախոսազրույցի ժամանակ ընդունել է նրա հրավերը՝ 2026 թվականի ապրիլին Չինաստան այցելելու։ Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ Սի Ցզինպինը այնուհետև պետական ​​այց կկատարի Միացյալ Նահանգներ։

Truth Social-ում Թրամփը նշել է, որ երկու երկրների միջև համաձայնագրերի իրականացման գործում «նշանակալի առաջընթաց» է գրանցվել։ «Այժմ մենք կարող ենք կենտրոնանալ ավելի լայն հարցերի վրա», – հավելել է ամերիկացի առաջնորդը՝ անդրադառնալով երկու երկրների միջև համագործակցությանը։ «Այս առումով նախագահ Սի (Ծինփինը) ինձ հրավիրել է ապրիլին այցելել Պեկին, և ես համաձայնել եմ, փոխարենը նա կլինի իմ հյուրը այս տարվա վերջին պետական ​​այցի ժամանակ»։

«Մենք համաձայնության ենք եկել հաճախակի շփումների կարևորության հարցում, և ես անհամբեր սպասում եմ դրան», – հավելել է Թրամփը։ «Մեր հարաբերությունները Չինաստանի հետ չափազանց ամուր են», – ընդգծել է նա։ Թրամփը նաև նշել է, որ հոկտեմբերի 30-ին Հարավային Կորեայի Բուսան քաղաքում Չինաստանի նախագահի հետ իր հանդիպումը «շատ հաջողված» է եղել։

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը նոյեմբերի սկզբին հայտարարել էր, որ Թրամփը և Սի Ծինփինը կարող են չորս հանդիպում անցկացնել 2026 թվականին։ Նա ասել է, որ երկու պետական ​​այցերից բացի, առաջնորդները կարող են բանակցություններ վարել Ֆլորիդա նահանգի Դորալ քաղաքում կայանալիք «Քսանյակի խմբի» (G20) հանդիպման և Շենժենում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) ֆորումի շրջանակներում։