Մոսկվան ակնկալում է, որ ԱՄՆ-ն կտեղեկացնի իրեն Ուկրաինայի և եվրոպական ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքների մասին, և հույս ունի, որ դա տեղի կունենա տեսանելի հեռանկարում, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է РИА Новости-ն։
«Մենք ակնկալում ենք, որ երբ ԱՄՆ-ն համարի իր խորհրդակցությունները ուկրաինական ռեժիմի և եվրոպացիների հետ ավարտված, նրանք մեզ կտեղեկացնեն։ Հույս ունենք, որ դա կլինի տեսանելի հեռանկարում՝ մոտ ժամանակում», – ասել է նախարարը ՌԴ և Բելառուսի ԱԳՆ-ների կոլեգիալ նիստի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։
Ըստ Լավրովի, Ռուսաստանը չի շտապեցնում ԱՄՆ-ին Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման շուրջ բանակցություններում։
«Մենք չենք շտապեցնում մեր ամերիկացի գործընկերներին։ Մենք շատ երկար սպասեցինք Անքորիջից հետո, զրուցում էինք և պարզապես հիշեցնում, որ մենք հավատարիմ ենք այդ ըմբռնումներին։ Եվ լավ է, որ նրանք վերջապես, առաջ քաշելով իրենց նախաձեռնությունը՝ Դոնալդ Թրամփի ծրագիրը, հաստատեցին իրենց հավատարմությունը Անքորիջի ըմբռնումներին։ Թե որքանով նրանք կպաշտպանեն իրենց այս դիրքորոշումը և որքանով կդիմադրեն իրենց ճիշտ ուղուց շեղելու փորձերին, մենք առայժմ չգիտենք», – ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։


