Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը և տեղակալ Կարեն Դաղբաշյանն աշխատանքային այցով եղել են Լոռու մարզում։

Կոմիտեից հայտնում են, որ այցի ընթացքում ՋԿ ներկայացուցիչները եղել են «Լոռի» ջրօգտագործողների ընկերությունում (ՋՕԸ), որտեղ ՋՕԸ տնօրենի ժպ Սարգիս Դավթյանը ներկայացրել է առկա խնդիրներն ու ընթացիկ անելիքները։


ՋԿ մոնիթորինգի վարչության եւ ՋՕԸ-ի հետ համատեղ դիտարկվել են Ալավերդի խոշորացված համայնքի Արդվի բնակավայրում կառուցվող 50,000 խմ, ինչպես նաև Սպիտակ համայնքի Խնկոյան բնակավայրում կառուցվող 20,000 խմ ծավալներով օրվա կարգավորման ջրավազանների (ՕԿՋ) շինարարական աշխատանքները։


Շինարարությունն արդեն ավարտական փուլում է․ երկու ջրավազաններն էլ նախատեսվում է շահագործման հանձնել 2026 թվականի սկզբին՝ ոռոգման սեզոնի մեկնարկից առաջ։


Այցի շրջանակում Ջրային կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանին եւ փոխմարզպետ Արսեն Ղարիբյանին։ Քննարկվել են մարզում առկա՝ ոլորտին վերաբերող առաջնահերթ խնդիրները և համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Կողմերը կարևորել են համատեղ աշխատանքը՝ ջրային համակարգի աստիճանական բարելավման և նախատեսվող ծրագրերի հաջող իրագործման նպատակով։