Նոյեմբերի 28-ին կայացած արտահերթ նիստում Հայաստանի Ազգային ժողովը վավերացրել է «ՀՀ-ի եւ Եվրոպական Միության միջեւ ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններին Հայաստանի մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիրը։


Խորհրդարանի 55 անդամ կողմ է արտահայտվել վավերացմանը, 24-ը՝ ձեռնպահ։


Կառավարության կարծիքով՝ այս համաձայնագիրը թույլ կտա Հայաստանին օգտագործել ԵՄ փորձը եւ կարողությունները ճգնաժամային կառավարման ոլորտում։


Կառավարությունը համոզված է, որ ճգնաժամային կառավարման ոլորտում Եվրամիության հետ համագործակցությունը կնպաստի համապատասխան գործակալությունների միջեւ փոխգործակցության զարգացմանը։ Այս համագործակցությունը, մասնավորապես, կնպաստի նոր ծրագրերի շրջանակում հետագա համագործակցությանը եւ կստեղծի հստակ իրավական հիմք նման առաքելություններին Հայաստանի մասնակցության համար։

Ընդ որում, Հայաստանի կողմից ԵՄ գործողություններում տեղակայվող անձնակազմի կարգավիճակը կկարգավորվի գործող համաձայնագրերով եւ պայմանավորվածություններով։

«Համաձայնագրի ստորագրումը դիտվում է որպես գործնական քայլ՝ ուղղված Հայաստան-ԵՄ համագործակցության խորացմանը եւ Հայաստանի արտաքին քաղաքականությանը համապատասխան եվրոպական չափանիշների ներդրմանը»,- նշվել է փաստաթղթում։