Լեհ գիտնականները Azania: Archaeological Research in Africa ամսագրում հրապարակել են Սուդանի Բայուդա անապատում հայտնաբերված եզակի դամբարանին նվիրված իրենց ուսումնասիրության արդյունքները։ BP937 տեղամասում հայտնաբերված կմախքը կարևոր տեղեկություններ է տվել մ.թ.ա. երկրորդ հազարամյակի սկզբին թաղման ծեսերի, առօրյա կյանքի և շրջակա միջավայրի պայմանների մասին։
Բայուդա անապատը գտնվում է Նեղոսի մեծ ոլորանում և զբաղեցնում է մոտ 140 000 կմ² տարածք։ Երկար ժամանակ այս տարածաշրջանը գրեթե չէր ուսումնասիրվում, և միայն XXI դարի առաջին տարիներից գիտնականները սկսեցին համակարգված հետազոտություններ իրականացնել։ 2017 թվականից Վրոցլավի համալսարանի և Գդանսկի հնագիտական թանգարանի իրականացրած «Սուդանի Բայուդա անապատի նախապատմական համայնքները. Քերմայի թագավորության նոր սահմանները» նախագիծը բացահայտել և վերլուծել է բազմաթիվ հնագիտական հուշարձաններ, որոնք լույս են սփռում Քերմայի թագավորության մշակույթի և ազդեցության վրա։
BP937 տեղամասում հայտնաբերվել է չափահաս տղամարդու առանձին թաղում, որի կողքին եղել են երկու կավե անոթ և 82 հախճապակե ուլունք։ Տեղամասը գտնվում է Մարավիի ամբարտակից մոտ 21,5 կմ և հրաբխային խառնարանից մոտ 2,6 կմ դեպի արևելք։
Ըստ խեցեգործական գտածոների, թաղումը թվագրվում է Հին Քուշ II-ի ժամանակաշրջանով (մ.թ.ա. մոտ 2050–1750 թթ.)։ Մարդու կալցինացված ոսկորների ռադիոածխածնային թվագրումը ցույց է տվել մ.թ.ա. 1775–1609 թթ. ճշգրտված ժամանակահատվածը, ինչը համընկնում է խեցեղենի տիպաբանությանը և մատնանշում Միջին Քերմայի մշակույթին պատկանելությունը։
Մնացորդների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դա 30–40 տարեկան, մոտ 164 սմ հասակով, ամրակազմ տղամարդ է եղել։ Ոսկորների վրա եղել են տարբեր դեգեներատիվ փոփոխություններ, այդ թվում՝ գոտկային ողերի տափակեցում և ձախ ոտնաթաթի վեգոսկրի փոփոխություններ, ինչը վկայում է ծանր ֆիզիկական աշխատանքի մասին։ Բացի այդ, բորբոքումների նշանները և գանգի ոսկրային հյուսվածքի հաստացումը վկայում են մարդու կյանքի ընթացքում հնարավոր թերսնման, հիվանդությունների կամ վնասվածքների մասին։
Դամբարանում եղել է երկու կավե անոթ։ Առաջինը՝ շրջված թասը, հաճախ է հանդիպում Քերմայի մշակույթի դամբարաններում և նմանություններ ունի ավելի վաղ շրջանի A-խմբի և C-խմբի թաղումների հետ։ Համարվում է, որ նման անոթները խորհրդանշում են «կյանքի դատարկումը»՝ մահացածի հոգուն թույլ տալով ողջերի աշխարհից անցնել նախնիների մոտ։
Երկրորդ անոթը եզակի է եղել հնագիտության համար։ Դա գունաթափված սև շերտով տարա էր՝ լցված խարույկի մնացորդներով, կենդանիների այրված ոսկորներով, քարացած արտաթորանքներով և միջատներով։
«Կրակի նշանակությունը Քերմայի մշակույթի թաղման ծեսերում բավարար փաստագրված չէ,- բացատրում է հետազոտության հեղինակներից մեկը՝ դոկտոր Հենրիկ Պաները։- Այս դեպքը ծիսակարգի հազվագյուտ նյութական վկայություն է, որտեղ կիրառվել է կրակ, որն էլ, հավանաբար, ուղեկցել է հոգեհացին»։


