ԼՂ բանակցությունների վերաբերող փաստաթղթերում ամենազավեշտալին այն էր, որ ձեր ընտանեկան թերթում հրապարակված Լևոն Տեր–Պետրոսյանի նամակը թե հոդվածը ներկայացրել էինք որպես բանակցային փաստաթուղթ։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
«Դրա փոխարեն կարող էիք հրապարակել Քի Վեսթի փաստաթուղթը, ինչո՞ւ չեք հրապարակում։ Ես տեսա, որ այսօր առավոտյան ասացիք, որ այդ փաստաթուղթը չկա, անհետացել է։ Հետո տեսա Թաթուլ Հակոբյանի գրառումը, ով հայտնում էր, որ 2005–ին ԱԳՆ–ում ծանոթացել է այդ փաստաթղթին, որը բաղկացած է 20 էջից, քարտեզներից։
Երկրորդ, 2019–ի մասով դուք այսօր առավոտյան հայտարարել եք, որ դեռ 2019–ին եք հասկացել, որ որեւէ տարբերակ չկա, և միակ տարբերակն այն է, որ Արցախը Ադրբեջանի կազմում է լինելու։ Բայց նաև հայտարարել եք, որ Արցախը Հայաստան է և վերջ։ Դուք 2021–ի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարում էին՝ «անջատում հանուն փրկության», խոսում էիք Շուշիի և Հադրութի դեօկուպացիայի մասին։ Բա, եթե հասկացել էիք այդ պարզ ճշմարտությունը, ՀՀ քաղաքացիներին ինչի» էիք խաբում»,–ասաց նա։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «ՀՀ կառավարության տիրապետության ներքո Քի Վեսթի փաստաթուղթ չկա։ Ես մտածել եմ, թե ինչու չկա, և իմ պատասխանը մեկն է, որովհետեւ դա նույնիսկ բանակցային լիարժեք փաստաթուղթ չի եղել, դա եղել է դավադրություն։ Եվ դա է պատճառը, որ այդ համատեքստում տեղի է ունեցել հոկտեմբերի 27, և դրան նախորդած ու նախորդած իրադարձություններ։
Ինչ վերաբերում է բովանդակությանը, էդ ինչի՞ եք Լևոն Տեր–Պետրոսյանի հրապարակած թղթերին այդպես քամահրանքով վերաբերում։ Դուք չէի՞ք, որ 2020–ից հետո հավաքվել էինք և որոշում էինք ազգի փրկության միասնական պլան։ Ձեր գործընկերոջ մասին է խոսքը, գնացեք իրենից պարզաբանում ուզեք, թե դա ինչ թուղ է և որտեղից։ Դա ճշգրիտ այդ դավադրության տեքստն է, 100 տոկոսով։ Եթե դրանում կասկած կա, վերջերս ԱՄՆ–ի կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցը (նկատի ունի «Ազատություն»–ը–խմբ) մանրամասն, անձնական վկայություններով բերել է և ամբողջացրել է։
Էս քանի տարի Քի Վեսթ եք ասում։ Եթե դա այդքան լավ, ուժեղ ծրագիր էր, իրականացնեիք։ Ավելին, դուք եք Քի Վեսթից հրաժարվել, գնալով 2007 թվականին Մադրիդյան սկզբունքներ առաջարկել։ Բա եթե էդքան լավ բան էր Քի Վեսթը, ինչի՞ եք հրաժարվել»,–ասաց Փաշինյանը։
Ինչ վերաբերում է նրան, որ ինքը խաբել է ժողովրդին, թե Արցախը կարող է լինել Ադրբեջանից դուրս, Փաշինյանն ասաց. «Մենք բոլորս ղարաբաղյան շարժման ծնունդ ենք։ Ես առաջին անգամ քաղաքականության հետ առնչվել եմ 7–րդ դասարանում, ղարաբաղյան շարժման կապակցությամբ։ Մեր առանձնահյատկությունը այն է, որ մենք մինչև վերջ նվիրված ենք եղել նրան, ինչից մենք ծագել ենք»։
Խամոյանը նկատեց, որ ՔԻ Վեսթը չեն հրապարակում, որովհետեւ դրա բովանդակությունը ձեռնտու չէ իշխանություններին. «Որովհետեւ Քի Վեսթով Արցախը Լաչինի միջանցքով միանում էր Հայաստանին։ Էդքան վատն է, գտեք և հրապարակեք։ Ձեր մուննաթը չեմ հասկանում, թե բա լուծեիք հարցը։ Բա դուք լուծեիք։ Ես ասեմ՝ ինչու չեք լուծել, որովհետեւ դուք վախեցել եք, դուք 2018–ին բարձր լեգիտիմություն եք ունեցել և վախեցել եք, որ ձեզ կասեն դավաճան»։
Փաշինյանն էլ կոչ արեց. «Դուք հրապարակեք Քի Վեսթի փաստաթուղթը։ Մենք գաղտնիության խնդիր կա, մենք կապագաղտնիացնենք, դուք հրապարակեք։ Դուք եք հրաժարվել Քի Վեսթից։ Ես վախեցել եմ, այո վախեցել եմ, Ի՞նչն է այդտեղ տարօրինակ, որ վախեցել եմ։ տենց–տենց, վախենայի, նոյեմբերի 9–ի փաստաթուղթը չէի ստորագրի, չէի ասի բաներ, որոնք հիմա ասում եմ։ Ես ասում եմ բաներ, որ հազար տարի հայ ժողովրդի մեջ հազարավորները իմացել են ու վախեցել են ասել, տաբու է եղել։ ԱԲա ինչի՞ չեմ վախեցել։ յո, ես վախեցել եմ սխալվելուց, այսօր էլ եմ վախենում։
Էդ դուք եք, որ սուպերմեններ եք, տուռնիկի վրա կարոք էնքան պտտվեք ու չվախենաք։ Մենք մարդ ենք, միջին վիճակագրականք աղաքացի ենք՝ միջին վիճակագրական քաղաքացուց բխած իշխանությունով, որ առերեսվել ենք մեր իսկ շահերին։
Մենք գիտե՞ք ինչից ենք վախեցել, որովհետեւ տեսել ենք այդ թակարդը, որ Հայաստանի և Սփյուռքի մի շարք գործիչներ մեզ մղում են դեպի այն թակարդը, որը Ղարաբաղի հարցի մասին չի, ՀՀ պետականության կորստի մասին է։ Մենք վախեցել ենք, որ Հայաստանի պետականությունը կորցնենք, և ճիշտ ենք արել, որ վախեցել ենք։ Դրա շնորհիվ է, որ այսօր ասում ենք, որ Հայաստանը 500-1000 տարի լինելու շանս ունի։ Մեր կառավարությունը Հայաստանի համար հազարամյակի հեռանկար է բացել»։


