ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գովաբանել է Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության և Ռուանդայի առաջնորդներին իրենց քաջության համար, երբ նրանք հինգշաբթի ստորագրել են համաձայնագիր, որի նպատակն է դադարեցնել Կոնգոյի արևելքում հակամարտությունը և բացել տարածաշրջանի կարևոր օգտակար հանածոների պաշարները ԱՄՆ կառավարության և ամերիկյան ընկերությունների համար, հաղորդում է Associated Press-ը։


Այդ պահը աշխարհի ամենաերկարատև հակամարտություններից մի քանիսում խաղաղություն հաստատելու մասին բազմիցս պարծեցող Թրամփին հնարավորություն տվեց իրեն համաշխարհային ասպարեզում առաջատար գործարք կնքող մասնագետ հռչակել և ապացուցել,որ ինքն արժանի է խաղաղության Նոբելյան մրցանակի։

«Սա մեծ օր է Աֆրիկայի համար, մեծ օր աշխարհի համար»,- առաջնորդների՝ համաձայնագրի ստորագրումից առաջ ասել է Թրամփը։


«Այսօր մենք հաջողության ենք հասնում այնտեղ, որտեղ շատ ուրիշներ ձախողվել են»,- հավելել է նա։


Թրամփը Վաշինգտոնում ողջունել է Կոնգոյի նախագահ Ֆելիքս Չիսիսեկեդիին և Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեին, ինչպես նաև աֆրիկյան այլ երկրների մի շարք պաշտոնյաների։

Սպիտակ տան գնահատմամբ՝ Չիշիսեկեդիի և Կագամեի միջև Թրամփի միջնորդությամբ կնքված «պատմական» համաձայնագիրը շարունակում է ԱՄՆ-ի և գործընկերների, դրանց թվում՝ Աֆրիկյան Միության և Կատարի՝ ամիսներ շարունակ իրականացրած խաղաղության ջանքերը և լրացնում է հունիսին ստորագրված ավելի վաղ կնքված համաձայնագիրը։

Սակայն,ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ Թրամփի միջնորդությամբ կնքված խաղաղությունը փխրուն է։ Կենտրոնական Աֆրիկայի Կոնգո պետությունը տասնամյակներ շարունակ պարտություններ է կրել ավելի քան 100 զինված խմբավորումների դեմ մարտերում, որոնցից ամենահզորը Ռուանդայի աջակցությունը վայելող M23 ապստամբներն են։

Այս տարի հակամարտությունը սրվեց, երբ M23-ը աննախադեպ արագությամբ գրավեց տարածաշրջանի գլխավոր՝ Գոմա և Բուկավու քաղաքները՝ խորացնելով արդեն աշխարհի ամենամեծերից մեկը համարվող մարդասիրական ճգնաժամը և միլիոնավոր մարդկանց տեղահանելով։ Մինչդեռ, այս շաբաթ հակամարտություններից տուժած տարածաշրջանում շարունակվեցին մարտերը՝ ապստամբների և կոնգոյացի զինվորների ու դաշնակից ուժերի միջև բախումների մասին հաղորդագրություններով։ Հանրապետական ​​Թրամփը հաճախ է հայտարարել, որ իր միջնորդությունը վերջ է դրել հակամարտությանը, ինչը Կոնգոյում որոշ մարդկանց կարծիքով., դա չի համապատասխանում իրականությնաը: Ընդսմին, Կագամին և Չիշիսեկեդին համաձայնագիրը ստորագրելիս խաղաղություն հաստատելու հույս են հայտնել։

«Ոչ ոք չի խնդրել նախագահ Թրամփին ստանձնել այդ առաջադրանքը։ Մեր տարածաշրջանը հեռու է թերթերի վերնագրերից,- ասել է Կագամեն։ -Բայց երբ նախագահը խաղաղությանը նպաստելուն իր լուման ներմուծելու հնարավորություն տեսավ, անմիջապես օգտվեց դրանից»։

«Ես իսկապես հավատում եմ, որ այս օրը նոր, դժվար ուղու սկիզբ է նշանավորում։ Իսկապես, բավականին դժվար,- ասել է Չիշեսեկեդին։ -Բայց դա ուղի է, որտեղ խաղաղությունը ոչ միայն ցանկություն, ձգտում, այլև շրջադարձային կետ կդառնա»։

Հինգշաբթի օրվա համաձայնագիրը կհիմնվի նաև նախկինում համաձայնեցված տարածաշրջանային տնտեսական ինտեգրման շրջանակի վրա, որը, ըստ պաշտոնյաների, կսահմանի երեք երկրների միջև տնտեսական գործընկերության պայմանները։ Թրամփը հայտարարել է նաև, որ Միացյալ Նահանգները երկկողմ համաձայնագրեր է ստորագրում Կոնգոյի և Ռուանդայի հետ, որոնք նոր հնարավորություններ կբացեն Միացյալ Նահանգների համար՝ հասանելի դարձնելով կարևորագույն օգտակար հանածոներին՝ գործարքներ, որոնք օգուտ կբերեն բոլոր երեք երկրների տնտեսություններին։

«Եվ մենք կմասնակցենք մեր խոշորագույն ընկերություններից մի քանիսին այս երկու երկրներ ուղարկելու գործին»,- ասել է Թրամփը և հավելել. «Բոլորը շատ գումար կվաստակեն»։