Թաիլանդի կրթության նախարարությունը կարգադրել է ժամանակավորապես 641 դպրոց փակել Կամբոջիային սահմանակից հինգ նահանգներում՝ երկրների միջև սահմանային հակամարտության սրման պատճառով։ Այս մասին հայտնել է Khaosod թերթը։
Թաիլանդի կրթության նախարար Նարիմոն Փհինյոսինվատը կոչ է արել ուսումնական հաստատություններին «անվտանգության խիստ միջոցներ ձեռնարկել, որը գլխավոր առաջնահերթություն է»։ Նա նշել է, որ աշակերտների և ուսուցիչների վերադարձը դպրոցներ տեղի կունենա սահմանային իրավիճակի բարելավման դեպքում։
Թաիլանդի թագավորական բանակը նախկինում հայտնել էր, որ մեկ թաիլանդցի զինծառայող է զոհվել և ևս չորսը վիրավորվել են Թաիլանդի և Կամբոջիայի սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով։ Նրա տվյալներով՝ կամբոջիական ուժերը տեղական ժամանակով ժամը 05:00-ից սկսած գնդակոծել են թաիլանդական դիրքերը։ Թաիլանդի ռազմաօդային ուժերը երկուշաբթի օրը հարվածներ են հասցրել Կամբոջիայի զինված ուժերի դիրքերին։ Ըստ տարածված հաղորդագրության՝ հարվածները հասցվել են ռազմական ենթակառուցվածքներին, զենքի պահեստներին, հրամանատարական կետերին և նյութատեխնիկական ապահովման երթուղիներին։
Թաիլանդի բանակի երկրորդ ռազմական շրջանը նույնպես հայտնել է, որ Կամբոջան Թաիլանդի տարածքի վրա BM-21 բազմակի կրակող հրթիռային համակարգեր է արձակել: Այս հարձակման հետևանքով զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան:


