Ամերիկացի օրենսդիրները կիրակի օրը հրապարակել են 2026 թվականի պաշտպանական բյուջեի մասին օրինագիծը, որը ռեկորդային ծախսեր է նախատեսում ազգային անվտանգության համար, ինչպես նաև 400 միլիոն դոլարի հատկացում Ուկրաինային օգնության համար։


Ըստ The Hill պարբերականի հրապարակած օրինագծի՝ 2026 թվականի պաշտպանական բյուջեն կկազմի 901 միլիարդ դոլար։ Մինչդեռ նախագահ Թրամփը հայցել էր 892,6 միլիարդ դոլար։


Օրինագիծը նախատեսում է 400 միլիոն դոլարի ռազմական օգնություն հատկացնել Կիևին։


«Անվտանգության ապահովման գծով Ուկրաինային օգնության տրամադրման նախաձեռնության ընդլայնում և փոփոխություն։ 2026 ֆինանսական տարվա համար՝ 400 միլիոն դոլար», – ասվում է օրինագծում։


Պատրաստված փաստաթուղթը նաև պահանջում է գնահատել «Ռուսաստանի ռազմական ռազմավարությունը, նպատակները և ուժերի դասավորությունը, որոնք ազդում են Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների, մասնավորապես՝ Չինաստանի վրա», ինչպես նաև Մոսկվայի և Պեկինի համագործակցությունը, ներառյալ պաշտպանական ապրանքների առևտուրը, համատեղ զորավարժությունները և ռազմական հետախուզական տվյալների փոխանակումը։

Բացի այդ, ինչպես հետևում է օրինագծից, անհրաժեշտ է ուսումնասիրել Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև կնքված պայմանագրի նպատակները, ներառյալ տեխնոլոգիաների փոխանակման վերլուծությունը։

Օրինագիծը նաև պահանջում է պատրաստել Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի միջև «դիվանագիտական, տեղեկատվական, ռազմական և տնտեսական ոլորտներում երկկողմ կամ բազմակողմ համագործակցության ներկայիս բնույթի և շրջանակի» նկարագրությունը։

Ըստ The Hill-ի, այս օրինագծի վերաբերյալ քվեարկությունը կարող է տեղի ունենալ արդեն այս շաբաթ։