«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Կոտայքի նախկին մարզպետ Կավալենկո Շահգալդյանի որդու՝ Հակոբ Շահգալդյանի վերաբերյալ որոշում է կայացրել եւ վերջինիս նկատմամբ կիրառել վարչական տույժ։
Բանն այն է, որ հանձնաժողովը քննության է առել Infocom.am-ի՝ «Չարենցավանի համայնքապետարանը կառավարող խմբակցության հետ կնքել է 478 մլն դրամի պայմանագիր» վերտառությամբ հոդվածը։
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Հակոբ Շահգալդյանը 2025 թվականի փետրվարի 5-ին եւ սեպտեմբերի 4-ին կնքել է կապալային աշխատանքների գնման պայմանագրեր «ԱՇԿԱՐ» ՍՊԸ-ի հետ, որի գործադիր մարմինը եւ միակ սեփականատերը հանդիսացել է իր հետ գործնական հարաբերություններ ունեցող անձ՝ Չարենցավան համայնքի ավագանու նույն խմբակցության անդամ Տարոն Եփրեմյանը։ Փետրվարի 5-ին կնքված կապալային աշխատանքների կատարման գնման պայմանագիրը կնքելուց առաջ Հակոբ Շահգալդյանի կողմից Հանձնաժողով չի ներկայացվել դրա կնքման փաստի վերաբերյալ հայտարարություն՝ այդ կերպ թույլ տալով «Հանրային ծառայության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջի առերեւույթ խախտում։
Հանձնաժողովի 2025 թվականի նոյեմբերի 13-ի համապատասխան որոշմամբ հարուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ։ Հանձնաժողովը ծանուցել է Հակոբ Շահգալդյանին՝ հրավիրելով անձամբ կամ ներկայացուցչի միջոցով մասնակցելու վարչական իրավախախտման հիմքով արձանագրության կազմմանը, ինչպես նաեւ իրականացվող գործի քննությանը։ Սակայն Շահգալդյանը ոչ մի կերպ չի ներկայացել Հանձնաժողով։ Գործի քննությունն իրականացվել է նրա բացակայության պայմաններում։
Հանձնաժողովը համալիր կերպով ուսումնասիրել է գնումների գործընթացները՝ նշելով դրանց ծածկագրերը, եւ էական է համարել, որ 2025 թվականին նշված ընկերության հետ կնքված 3 պայմանագրերից 2-ի դեպքում շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին Հակոբ Շահգալդյանը գրավոր հայտարարություն է ներկայացրել Հանձնաժողով, ինչը վկայում է , որ Շահգալդյանը գտել է, որ իր կողմից «Աշկար» ՍՊԸ-ի հետ կապալային աշխատանքների կատարման գնման պայմանագրի կնքումը կարող է հանգեցնել շահերի բախման։
Այսպիսով՝ սույն գործով առկա փաստերի համադրման արդյունքում Հանձնաժողովը եզրահանգել է, որ Հակոբ Շահգալդյանի կողմից իր պաշտոնեական պարտականությունների անաչառ եւ օբյեկտիվ կատարումն ապահովելու նպատակով չեն ձեռնարկվել օրենքով սահմանված համապատասխան գործողություններ՝ շահերի բախման իրավիճակում չհայտնվելու կամ նման իրավիճակում հայտնվելու պարագայում օրենքով նախատեսված՝ կանխարգելման ընթացակարգերով առաջնորդվելու ուղղությամբ։
Արդյունքում, հանձնաժողովը կատարված ուսումնասիրությունների հիման վրա որոշել է Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի՝ 300 հազար ՀՀ դրամի չափով»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


