Հայաստանը հատուկ նշանակություն է տալիս ԵԱՏՄ արտաքին տնտեսական հարաբերությունների աշխարհագրության ընդլայնմանը՝ այն դիտարկելով որպես համաշխարհային տնտեսությունում կազմակերպության դերի հետագա ամրապնդման կարևոր գործոն։ Այս մասին դեկտեմբերի 11-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նոր ազատ առևտրի համաձայնագրերի կնքումը ոչ միայն ակտիվացնում է երկխոսությունը, այլև նպաստում է մրցունակության բարձրացմանը՝ նոր հնարավորություններ բացելով մեր երկրներում տնտեսական աճի համար։
Տնտեսական համագործակցության մեկ այլ կարևոր տարր է տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտը։ Տրանսպորտային ենթակառուցվածքների դիվերսիֆիկացումը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ առևտրաշրջանառության աճի համար։
Այս համատեքստում կցանկանայի նշել, որ տարածաշրջանում տեղի ունեցող դրական փոփոխությունները նոր հնարավորություններ են բացում տնտեսական համագործակցության խորացման համար։
Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը կարող է կարևոր գործոն դառնալ տարածաշրջանային կապերի ընդլայնման և մեծ տարածաշրջանի բոլոր երկրների համար տնտեսական կայունության ամրապնդման համար։ Այս կապակցությամբ, ցանկանում եմ ողջունել Ադրբեջանի Հանրապետության նախագահի որոշումը՝ ապաշրջափակել Ադրբեջանի տարածքով Հայաստան ուղարկվող բեռների տարանցումը։ Սա մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման շրջանակներում զգալի ձեռքբերումներից մեկն է», - նշել է Փաշինյանը։


