ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անկեղծորեն ձգտում է կարգավորել ուկրաինական հակամարտությունը քաղաքական-դիվանագիտական մեթոդներով և Ռուսաստանը ողջունում է դա։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Ուկրաինայի կարգավորման թեմայով դեսպանական կլոր սեղանի ժամանակ, հայտնում է TASS-ը։


«Նրա [Թրամփի] արտաքին քաղաքական բնույթի ամենավառ և գլխավոր նախընտրական կարգախոսներից մեկը ուկրաինական հակամարտության շուտափույթ դադարեցումն է եղել։ Եվ պետք է հարգանքի տուրք մատուցել ներկայիս ամերիկյան առաջնորդին. Սպիտակ տուն վերադառնալուց հետո նա իսկապես զբաղվել է այդ հարցով և ըստ մեր գնահատականի, անկեղծորեն ձգտում է նպաստել քաղաքական-դիվանագիտական մեթոդներով հակամարտության հաղթահարմանը։ Մենք ողջունում ենք դա», - նշել է նախարարը։


Սակայն Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման համար կարևոր են ոչ միայն ձգտումները, այլև հակամարտության արմատական պատճառները վերացնելու գործնական քայլերը, որոնք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ՌԴ կառավարության անդամները բազմիցս շարադրել են։