Թաիլանդի արտաքին գործերի նախարարությունը շաբաթ օրը հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն պնդումը, թե իբր Կամբոջայի հետ հրադադարի մասին համաձայնություն է ձեռք բերվել, հայտնում է Associated Press-ը։
Թաիլանդի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Սուրասանտ Կոնգսիրին իր հերթին հայտարարել է, որ բախումները դեռևս շարունակվում են։
Կամբոջայի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հաղորդել է, որ Թաիլանդը շարունակել է հարվածներ հասցնել շաբաթ առավոտյան։
Ուրբաթ օրը Թրամփի հետ զրույցից հետո՝ մինչ ԱՄՆ նախագահի սոցիալական ցանցերում հրապարակումը, Թաիլանդի վարչապետ Անուտին Չարնվիրակուլը ասել է, որ ինքը Թրամփին կրկնել է, որ իր երկրի դիրքորոշումը մարտական գործողությունները շարունակելն է այնքան ժամանակ, մինչև Կամբոջան դադարի սպառնալիք ներկայացնել իր ինքնիշխանության համար։
«Ես նրան ասացի, որ ավելի լավ է՝ խոսի մեր ընկերոջ հետ։ Պարզապես մի՛ ասեք այնպես, որ մենք պետք է դադարեցնենք մարտական գործողությունները, - ասել է Անուտինը։ - Դուք պետք է ամբողջ աշխարհին հայտարարեք, որ Կամբոջան կդադարեցնի կրակը, կհանի իր զորքերը և կվնասազերծի բոլոր ցամաքային ականները։ Խնդրեմ, ցույց տվեք մեզ, թե դա ինչպես է արվում»։
Ուրբաթ օրը ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ քննարկել է կոնֆլիկտի վերսկսումը Թաիլանդի և Կամբոջայի ղեկավարների հետ և նրանք համաձայնել են դադարեցնել բոլոր կրակոցները երեկվա երեկոյից սկսած։
Հրադադարի մասին նախնական համաձայնագիրը հուլիսին կնքվել է Մալայզիայի միջնորդությամբ և պահպանվել Թրամփի ճնշման ներքո, ով սպառնացել ր կասեցնել առևտրային արտոնությունները, եթե Թաիլանդն ու Կամբոջան հրադադարի չհասնեն։ Այն ավելի մանրամասն ձևակերպվել է հոկտեմբերին՝ Մալայզիայում կայացած տարածաշրջանային հանդիպման ժամանակ, որին ներկա է եղել նաև Թրամփը։


