Ռոսատոմի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը ավերիչ երկրաշարժից փրկված Հայկական ԱԷԿ-ն անվանել է Խորհրդային Միության լավագույն միջուկային նախագիծը, հաղորդում է ТАСС գործակալությունը։

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը և գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության միջազգային համաժողովին մասնակցող պաշտոնական պատվիրակությունների ղեկավարներն ուրբաթ օրը Մոսկվայի Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսում (ВДНХ) ծանոթացել են «Ատոմ» թանգարանի ցուցանմուշին։


Շնորհանդեսի ժամանակ Լիխաչովը մասնակիցներին պատմել է այլ երկրների հետ Ռոսատոմի համագործակցության մասին։

Մասնավորապես, Լիխաչովը հիշել է Հայկական ԱԷԿ-ի պատմությունը, որն օգտագործում է ВВЭР-440 տեսակի սեյսմակայուն ռեակտորներ։ Այն փրկվել է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից և փակվել։ Սակայն երկրորդ էներգաբլոկը հետագայում վերականգնվել և վերագործարկվել է։

«Սա պարզապես մեր հպարտությունն է։ Խորհրդային Միության լավագույն միջուկային նախագիծն է, որը դեռևս գործում է»,- ասել է Լիխաչովը։

Նա հավելել է, որ Հայկական ԱԷԿ-ի ներկայիս բլոկի շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականը: Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել՝ սկսելու Հայկական ԱԷԿ-ի շահագործումը մինչև 2036 թվականը երկարաձգելու գործընթացը։


«Գրեթե յուրաքանչյուր եռամսյակ ես զանգահարում եմ [ՀՀ վարչապետ] Նիկոլ Վովաևիչին [Փաշինյանին] և ասում. «Նիկոլ Վովաևիչ, ե՞րբ պետք է գամ: Մենք պատրաստ ենք ամեն ինչ լուծել»,- հավելել է Լիխաչովը: