Գիտնականներն առաջին անգամ փորձնականորեն հաստատել են, այսպես կոչված, ժամանակային անդրադարձումների գոյությունը։ Խոսքը ֆիզիկական անսովոր էֆեկտի մասին է, որը երկար ժամանակ մնում էր միայն տեսական ենթադրություն։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Physics ամսագրում։


Նախկինում այդ էֆեկտը նկարագրվել է տեսական ֆիզիկայի շրջանակում և ուղղակիորեն բխում է հարաբերականության ընդհանուր տեսության հավասարումներից, սակայն մինչև օրս երբեք չէր հաջողվել դիտարկել այն իրական պայմաններում։

Մեզ ծանոթ աշխարհում անդրադարձումը տեղի է ունենում տարածության մեջ. լույսը, ձայնը կամ ալիքները անդրադառնում են մակերևույթից և փոխում ուղղությունը։ Ժամանակային անդրադարձման դեպքում ամեն ինչ այլ կերպ է. փոխվում է ոչ թե տարածությունը, այլ միջավայրի հատկությունները ժամանակի ընթացքում։ Եթե նյութի պարամետրերը որոշակի պահի կտրուկ փոխվում են, ալիքը կարող է «անդրադառնալ» ժամանակի մեջ՝ առաջացնելով յուրօրինակ հայելային արձագանք։


Ֆիզիկոսներին հաջողվել է լաբորատոր պայմաններում ստանալ այդ էֆեկտը՝ ստեղծելով հատուկ համակարգ, որտեղ միջավայրի հատկությունները փոխվել են գրեթե ակնթարթորեն։ Արդյունքում ալիքի մի մասը սկսել է դրսևորել իրեն այնպես, կարծես ժամանակի միջով հետ է շարժվում՝ պահպանելով տեղեկատվությունն իր նախկին վիճակի մասին։ Սա չի նշանակում իրական ճամփորդություն ժամանակի մեջ, սակայն ցույց է տալիս, որ ֆիզիկայի օրենքները թույլ են տալիս շատ ավելի բարդ ժամանակային գործընթացներ, քան նախկինում ընդունված էր։

Կարևոր է ընդգծել, որ խոսքը ոչ թե «զրոյից» արված հայտնագործության, այլ այն էֆեկտի առաջին փորձնական հաստատման մասին է, որը տեսականորեն կանխատեսվել էր դեռ շատ վաղուց։ Հենց այդ պատճառով էլ հայտնագործությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել գիտական հանրույթում. այն կապում է վերացական մաթեմատիկական մոդելները դիտարկվող իրականության հետ։

Ըստ հետազոտողների, ժամանակային անդրադարձումները կարող են գործնական կիրառություն ունենալ։ Հեռանկարում դրանք հնարավոր կլինի օգտագործել ազդանշանների կառավարման, տեղեկատվության պաշտպանության, օպտիկական և էլեկտրոնային սարքերի աշխատանքի բարելավման, ինչպես նաև ժամանակի և մատերիայի հիմնարար հատկությունների ավելի խորը ըմբռնման համար։