Բեռլինում ամերիկացի և ուկրաինացի պաշտոնյաների միջև հինգժամյա բանակցությունները, որտեղ Կիևը ներկայացրել է պատերազմը դադարեցնելու իր ծրագրի տարբերակը, ավարտվել են առանց տարածքային կարևորագույն հարցի շուրջ փոխզիջման։


Կիևը համաձայնել է քննարկել ՆԱՏՕ-ին չանդամակցելու հարցը, ինչպես նաև սեղմ ժամկետներում ընտրությունների անցկացումը, սակայն սայթաքման քարը նախկինի պես մնում է Դոնբասի պատկանելիությունը, որտեղ Դոնալդ Թրամփի վարչակազմն առաջարկել է «ապառազմականացված գոտի» ստեղծել։


Կիևը պատրաստ է ռազմաճակատի ժամանակավոր «սառեցմանը» և Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքների նկատմամբ վերահսկողության փաստացի կորստին, սակայն կատեգորիկ կերպով մերժում է Դոնեցկի մարզի վերահսկվող հատվածից ուկրաինական զորքերը դուրս բերելու պահանջը։ Այս մասին հայտնում է Bild պարբերականը՝ հղում անելով ուկրաինացի պաշտոնյաներին։


Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն առաջարկել է փոխզիջումային տարբերակ. Ուկրաինան դուրս է բերում զորքերը Դոնեցկի մարզի շուրջ 5,6 հազար քառակուսի կիլոմետր տարածքից, սակայն ռուսական զորքերն այնտեղ չեն մտնում։ Մոսկվան՝ ի դեմս նախագահի օգնական Յուրի Ուշակովի, սատարել է այս գաղափարին, բայց մեկ վերապահմամբ՝ «ապառազմականացված գոտու» տարածքում բանակի փոխարեն կտեղակայվեն Ռոսգվարդիայի ուժերը։


Սակայն դա «հավասարազոր կլինի ուկրաինական բանակի կապիտուլյացիային», Bild-ին ասել է ուկրաինացի բարձրաստիճան մի պաշտոնյա։ Նրա խոսքով՝ Կիևը հանդես է եկել պատասխան առաջարկով, որի էությունը նկարագրել է Վլադիմիր Զելենսկին. «Եթե ուկրաինական զորքերը նահանջում են, ենթադրենք, հինգից տասը կիլոմետր, ապա ինչո՞ւ ռուսական զորքերը նույնպես չպետք է նույնքան տարածությամբ նահանջեն օկուպացված տարածքների խորքը»։

Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը, ով Բեռլինում բանակցություններ է վարել Վլադիմիր Զելենսկու, ինչպես նաև Ուկրաինայի Պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ (տեքստում նշված է որպես Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ղեկավար), կիրակի օրը հայտարարել է, որ «զգալի առաջընթաց է գրանցվել»։ Մոսկվայում ակնկալում են, որ ամերիկյան կողմը կկիսվի բանակցությունների մանրամասներով, երկուշաբթի օրը հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:


Նա հավելել է, որ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին չանդամակցելու հարցը Կրեմլի համար մնում է «անկյունաքարային» և պահանջում է «իրավաբանորեն պարտադիր» երաշխիքներ։ Վլադիմիր Պուտինը «բաց է խաղաղության, լուրջ խաղաղության, լուրջ որոշումների համար և բացարձակապես բաց չէ որևէ հնարքների համար, որոնք նպատակ ունեն ժամանակ ձգձգել և արհեստական ժամանակավոր դադարներ ստեղծել»,- ասել է Պեսկովը: