Երևանում՝ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում, դեկտեմբերի 15-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ քննարկվել է էլեկտրական շարժիչով մեծ, փոքր և միջին ավտոբուսների, թեթև մարդատար ավտոմեքենաների, մոտոցիկլետների և մոպեդների ներմուծման համար ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ) գործող ազատման ժամկետը ևս մեկ տարով երկարաձգելու հարցը:
Խոսքը, մասնավորապես, Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծի մասին է: Նախագիծը ներկայացրել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Ինչպես նշել է նախարարը, որոշվել է այս ցանկում ներառել նաև բեռնատարները: Համապատասխան առաջարկով ավելի վաղ հանդես է եկել նաև ընդդիմադիր «Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը: «Մենք որոշեցինք ընդունել այդ առաջարկը», - ասել է Պապոյանը:
Կառավարության ներկայացուցչի խոսքով՝ դեռևս 2019 թվականից գործող արտոնության ժամկետն ավարտվում է 2026 թվականի հունվարի 1-ին։ Ուստի, հաշվի առնելով առկա դրական արդյունքները, իշխանությունները նպատակահարմար են համարել երկարաձգել այդ արտոնությունները մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։
Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ ընթացիկ տարվա սկզբից մինչև նոյեմբերի 19-ը Հայաստան է ներմուծվել էլեկտրական շարժիչով 7 ավտոբուս, 16 381 թեթև մարդատար ավտոմեքենա և 2 479 մոպեդ։
Կանխատեսվում է, որ նախորդ տարվա համեմատ Հայաստան կներմուծվի 2 անգամ ավելի շատ էլեկտրամոբիլ։ Միևնույն ժամանակ, էկոնոմիկայի նախարարը պարզաբանել է, որ արտոնությունը կտարածվի միայն 2024 թվականի և ավելի ուշ արտադրության մեքենաների վրա։
Կառավարության գնահատմամբ՝ էլեկտրամոբիլները կարող են նաև դրական ազդեցություն ունենալ երկրի բնապահպանական իրավիճակի վրա՝ զգալիորեն նվազեցնելով մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի քանակը։
Նշենք, որ 2017 թվականից մինչև 2025 թվականի հունիսը Հայաստան է ներմուծվել 36 416 էլեկտրամոբիլ։
Որոշ քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունը դրական կարծիք է ստացել մշտական խորհրդարանական հանձնաժողովի կողմից։


