Ուկրաինայում խաղաղության համաձայնագրի պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով եվրոպական զինվորականներ տեղակայելու Արևմուտքի ծրագրերը կարող են բանակցությունների առարկա դառնալ։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:


«Ուկրաինայի տարածքում օտարերկրյա ռազմական կոնտինգենտների վերաբերյալ մեր դիրքորոշումը քաջ հայտնի է բոլորին: Այն ձևակերպվել է և՛ նախագահի կողմից, և՛ աշխատանքային այլ մակարդակներում: Այն լավ հայտնի է բոլորին, բացարձակապես հետևողական է ու հասկանալի», - ասել է Պեսկովը:

«Բայց, դարձյալ, սա քննարկման առարկա է», — հավելել է նա՝ մեկնաբանելով «ցանկացողների կոալիցիայի» կողմից Ուկրաինա ռազմական կոնտինգենտ ուղարկելու ծրագրերի մասին լուրերը, հայտնում է «Ինտերֆաքսը»:


The New York Times-ի տվյալներով՝ եվրոպական զորքերը պետք է դառնան անվտանգության երաշխիքների մաս, որոնք ամերիկացի և ուկրաինացի պաշտոնյաները քննարկել են շաբաթվա սկզբին Բեռլինում կայացած բանակցությունների ժամանակ:

Ենթադրվում է, որ եվրոպական երկրների զինվորները կտեղակայվեն Արևմտյան Ուկրաինայում՝ ենթադրյալ ապառազմականացված գոտուց հեռու, սակայն որպես զսպող միջոց կծառայեն Ռուսաստանի կողմից հնարավոր ապագա ագրեսիայի դեմ։

ԱՄՆ-ն իր զինվորականներին չի ուղարկի Ուկրաինա, սակայն եվրոպացիների համար հասանելի կդարձնի իր հետախուզական տվյալները։ Դա կօգնի հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը, ինչպես նաև բացահայտել Ռուսաստանի այն գործողությունները, որոնք կարող են կրկնակի ներխուժման համար նախապատրաստություն լինել։

NYT-ի աղբյուրները եվրոպացի և ամերիկացի պաշտոնյաների շրջանում կասկածում են, որ Վլադիմիր Պուտինը կհամաձայնի խաղաղության պլանին, քանի որ Մոսկվայի և Կիևի միջև պահպանվում են սկզբունքային տարաձայնություններ։ Նախկինի պես կարգավորված չէ առանցքային՝ տարածքային հարցը. Կրեմլը պահանջում է ողջ Դոնբասը, իսկ Ուկրաինան պնդում է ռազմաճակատի գծի «սառեցումը»։

Ռուսաստանը «ոչ մի պարագայում» չի համաձայնի Ուկրաինայում արևմտյան երկրների զորքերի տեղակայմանը. նախօրեին հայտարարել է արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Հարցին, թե պատրա՞ստ է արդյոք Մոսկվան եվրոպական ուժերի տեղակայմանը, բայց ոչ ՆԱՏՕ-ի ձևաչափով, Ռյաբկովը պատասխանել է. «Ո՛չ, ո՛չ և ևս մեկ անգամ ո՛չ