Հայաստանի խորհրդարանը դեկտեմբերի 17-ի արտահերթ նիստում վավերացրել է «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Միացյալ Արաբական Էմիրությունների ներքին գործերի նախարարության կողմից տրված վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման և փոխանակման մասին» փոխըմբռնման հուշագիրը։
Այսպիսով, Հայաստանը և ԱՄԷ-ն փոխադարձաբար ճանաչում են միմյանց վարորդական վկայականները։
Շահառու կդառնան անձանց երկու խմբեր՝ քաղաքացիներ, ովքեր մուտք են գործում միմյանց տարածք ոչ բնակության նպատակով և քաղաքացիներ, ովքեր մուտք են գործում բնակության նպատակով։ Այն քաղաքացիների դեպքում, ովքեր ճամփորդում են ոչ ռեզիդենտական նպատակներով, օրինական գտնվելու ժամանակահատվածում միմյանց վարորդական իրավունքները կճանաչվեն թեթև մարդատար ավտոմեքենաների համար տրված վկայականների հիման վրա։ Միևնույն ժամանակ, ԱՄԷ քաղաքացիները կկարողանան ազատ տեղաշարժվել Հայաստանի Հանրապետության տարածքում
Իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կկարողանան ազատ տեղաշարժվել ԱՄԷ տարածքում B (թեթև մարդատար ավտոմեքենաներ) և D1 (մինչև 16 նստատեղ ունեցող փոքր ավտոբուսներ) կարգի վարորդական իրավունքով՝ երկրում օրինական կերպով գտնվելու ժամանակահատվածում։
Միակ պայմանն այն է, որ վարորդական վկայականի տիրոջ տարիքը պետք է համապատասխանի այցելության երկրի ազգային օրենսդրությամբ սահմանված նվազագույն տարիքին։ Դա անհրաժեշտ է տվյալ ենթակարգի վարորդական վկայական ստանալու համար։ «B» կարգի դեպքում խոսքը 18 տարեկանի մասին է, իսկ «D1» կարգի դեպքում՝ 21 տարեկանի։
Եթե անձինք գտնվեն միմյանց տարածքում բնակության նպատակով, այսինքն՝ կացության կարգավիճակ ստանալու հիման վրա, ապա նրանք կկարողանան դիմում ներկայացնել և ստանալ վարորդական վկայական՝ այդպիսով ազատվելով տեսական և գործնական քննություններից


